Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը դարձավ հերթական իշխանական գործիչը, ով հրապարակային սուտ ասաց, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նախօրեին ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արեյանին հարցրել է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին։ Փոխքաղաքապետը նշել է, որ տեղադրման ժամկետները հայտնի չեն՝ կա արձանի նախագծային տարբերակը միայն, և հայտնի չէ, թե որտեղից է ֆինանսավորվելու արձանի պատրաստումն ու տեղադրումը։
«ՀԺ»-ն նշում է, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Նոր Նորք համայնքի, այսպես կոչված, «Կռազի պարկի» ձուլարանում նկարահանել է բրոնզագույն արձանը, որ օրերս է ձուլվել։
«Սա նշանակում է, որ Արեյանը կրկնակի սուտ է ասել․ արձանի պատրաստի տարբերակը կա, այսինքն՝ ինչ-որ մեկը ֆինանսավորել է դրա պատրաստումը», – նշում է թերթը։
Լուսանկարը՝ armenpress.am