Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և, ադրբեջանական կողմին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր:
«Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 19-ամյա Էրիկ Գասպարյանը», – ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես անդրադարձել է միջադեպին՝ հայտնելով, որ դիվերսիան կազմակերպվել է հայկական կողմից։ Համաձայն Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության ադրբեջանական կողմից զոհվել է կապիտան Ֆիկրետ Մամեդովը և ենթասպա Խուդավերդի Աբիլովը։ Եվս մեկ զինծառայող ծանր վիրավորվել է։
Նշենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդման համաձայն՝ մայիսի 25-ին հակառակորդի գնդակից զոհվել էր Պաշտպանության բանակի փոխգնդապետ Գարիկ Բալայանը։