Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 30-ի որոշումով արգելել է «Թամարա» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
Ծառայության պաշտոնական կայքում նշվում է, որ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Թամարա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված պահանջներին:
«Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան», – ասված է Ծառայության մամուլի հաղորդագրության մեջ: