Արմավիրի մարզում 2014 թվականի մարտի 29-ից 31-ը ցրտահարության հետևանքով 100 տոկոսով վնասված կորիզավոր ծառատեսակների՝ ծիրանի, խնձորի, սալորի, կեռասի և այլ տեսակների համար մի շարք համայնքների ղեկավարներ կառավարությանն են ներկայացրել կրած վնասի չափը` ըստ հեկտարների, իսկ Հայկավանից ներկայացվել են միայն ցրտահարված ծիրանի այգիները։ Այս մասին Epress.am-ին ասել է հայկավանցի Հովհաննես Հակոբյանը։
«Որքան գիտեմ՝ ցրտահարությունից հետո Հայկավանում 50 տոկոս ոռոգման ջրի ու 100 տոկոսով հողի հարկերից են ազատել միայն ծիրանի այգիների ունեցողներին, բայց ասում են, որ կառավարությունը դեռ չի էլ հաստատել։ Ամբողջ գյուղի հաշվարկով ներկայացրել են միայն 20-22 հեկտար ծիրանի այգի, մինչդեռ անձամբ ես սալորի այգիներ ունեմ, որոնք ամբողջությամբ ցրտահարվել են, ու փաստացի այժմ բերք չունեմ։ Նույն վիճակում են գյուղացիների խնձորի, սալորի, ծիրանի այգիները։ Կարկուտից սարսափելի այս տարվա ցրտահարությունն էր․ անցած տարի վարկերը սառեցրին ՝ էս տարի մայր գումարով ու տոկոսներով ամբողջը պետք է տանք։ Ոչ մի բան էլ չեն արել, անցած տարի ինչ-որ օգնություններ եղան, այս տարի ոչ մի բան», – ասել է մեր զրուցակիցը։
Շենավանի բնակիչ Բարունակ Ղուկասյանն էլ նշել է, որ կարկուտից հետո իրենց գյուղը գրեթե դատարկվել է։
«Կարկուտի պատճառած վնասների հետևանքով մի տարում երիտասարդության 70 տոկոսը լքեց գյուղը, խմբերով ընտանիքներ հեռացան, մնացողներն էլ Աստծո հրաշքի են սպասում, որ մի ճար ունենան՝ իրենք էլ փախնեն։ Երկրորդ տարին ա՝ բացարձակ եկամուտ չկա, մենակ ծախս ա՝ բանկերի տոկոսներ, վարկեր, պարտեր։ Չկա այնպիսի ընտանիք, որ մինիմում 1,5 միլիոնի պարտք չունենա։ Էս տարի էլ նույն վիճակն ա՝ ցրտահարությունից ոչ մի հատիկ պտուղ չկա, միայն խաղողն է, որն էլ ծախսեր է պահանջում։ Ժողովուրդը արդեն մեռել ա, ի վիճակի չի որևէ բան անել։ Ոչ մեկը չեկավ՝ մեր հալը հարցներ, ցրտահարության պահով ասում էին, թե հող ու ջրի հարկերը կհանեն, հիմա էլ ասում են, թե ոչ մի բան էլ չի զիջվելու, լրիվ էլ փակելու եք։ Անցած տարվա բանկերի պարտքերն էլ վզներիս ա, մեր «ֆինանսիստ», թվերի հետ խաղացող վարչապետը, որ օդից փող էր բռնում, նոր ձև հնարեց՝ նոր վարկ ձևակերպեցինք, դրանից տոկոսները պահեցին, մարդու եղած 1000 դոլարին 500 ավելացրին, 1000 դոլարի տոկոսը պահեցին, հիմա մարդիկ ոչ թե 1000, այլ 2500, 3000 դոլարի պարտք ունեն։ Հիմա բոլորս մտածում ենք մի ելք գտնենք, փող ճարենք, էս պարտքերից ազատվենք», – ասել է Ղուկասյանը։
Մրգաշատցի Երեմ Առաքելյանի խոսքով՝ այս տարվա անձրևները թեև երբեմն-երբեմն կարկտախառն են եղել, սակայն որևէ վնաս բերքին չեն հասցրել, այլ հակառակը՝ մեծ օգուտ են տվել համայքնի ցորենի արտերին։
«Կարկուտի հետքերը նկատելի են խաղողի դաշտերում՝ բերք կա, բայց այս տարի 100 տոկոսանոց բերք ստանալ հնարավոր չէ՝ այս տարի գնալու ա վերականգնողական շրջան, հիմա ինչ էլ տվեց՝ մեր օգուտն ա», – եզրափակել է Առաքելյանը։