Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը լուրջ կասկածներ է առաջացնում չեզոք և ոչ քաղաքական կառույց լինելու առումով, քանի որ դրա 9 անդամներից 7-ը պետական պաշտոնյաներ են, իսկ 2-ը՝ բարձր կուսակցականներ: Այս մասին այսօր «Սիվիլնեթի» կազմակերպած «Իրավունքներ և ազատություններ սահմանադրական բարեփոխումներում» թեմայով քննարկմանն ասել է իրավաբան Վահե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ չեզոքությունից բացարձակապես զուրկ է ողջ գործընթացը, քանի որ այն սկսվել է ոչ թե հասարակության պահանջով, այլ գործադիր մարմնի ներկայացուցչի՝ նախագահի կողմից:
Ըստ Գրիգորյանի՝ փոփոխությունները բարեփոխում անվանելն արդեն կանխակալ վերաբերմունք է, քանի որ դա նման է ժամանակից առաջ անցնելուն և գնահատական տալուն: Ընդհանրապես «սահմանադրական փոփոխություններ» տերմինն է օգտագործվում:
Իրավաբան նշել է, որ ՀՀ գործող Սահմանադրության երկրորդ գլուխը, որը վերաբերում է մարդու հիմնարար ազատություններին, ավելի բարձր պաշտպանություն է սահմանում, քան միջազգային չափանիշներն են, այսինքն՝ փոփոխության կարիք չկա:
«Այս երկրում մարդու իրավունքների ոլորտի բոլոր ճգնաժամային գործերը կապված են Սահմանադրության խախտման հետ: Առաջին՝ խումբը՝ ընտրական իրավունքի խախտման դեմ պայքարող մարդկանց իրավունքի խախտում, 2008 թվականի Մարտի մեկից հետո՝ 10 մարդու մահ, քաղբանտարկյալներ: Երկրորդ՝ մարդիկ, ովքեր զրկվել են իրենց բնակարաններից Երևանի կենտրոնում: ՄԻԵԴ-ը ևս որոշել է, որ այս գործերով նախ ՀՀ Սահմանադրությունն է խախտվել: Մյուս խումբը՝ ազատ ընտրությունների իրավունքը: Ի՞նչ խնդիր ունի այստեղ սահմանադրությունը, հարցը սահմանադրության չկիրառումն է: Այսօր Սահմանադրության փոփոխման մասին խոսելը նվազագույնը ռեսուրսների վատնում է»,- ասել է Վահե Գրիգորյանը: