Ոչ իշխանական խորհրդարանական 4 ուժերը՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն, վերջին օրերի ընթացքում խմբագրել են իրենց 12 պահանջները, որոնք նախորդ շաբաթ ներկայացվել են իշխող Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կայացած քառյակի նիստից հետո լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Աստանայում տեղի ունեցած իրադարձություններից հետո, քառյակի ներկայացուցիչները պահանջների մեջ են ներառել արտաքին հարաբերությունների ոլորտին վերաբերող հարց, որն առնչվում է ղարաբաղյան խնդրին։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել էր բացահայտել կետերի բովանդակությունը՝ նշելով մեկ պահանջ՝ անցել 100%-ոց համամասնական ընտրական համակարգի։
Հակոբյանը խոստացել է, որ վաղը 13։30-ին քառյակի ներկայացուցիչները ասուլիսով հանդես կգան, որի ընթացքում կներկայացնեն 12 պահանջները։ Պատգամավորի խոսքով՝ դա քաղաքական և տնտեսական հայտարարություն է լինելու։
Լրագրողների այն հարցին, թե ինչ է անելու քառյակը, եթե իշխանությունները անտեսեն պահանջները, Հակոբյանը պատասխանել է, որ իրենք իշխող կուսակցությանը ժամանակ են տվել մինչև աշուն, բացի դա, բոլոր պահանջներն իրականում իրագործելի են։