Վերնիսաժի հարևանությամբ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանի հիվանդասենյակի մոտ անօրինական կերպով անընդհատ հերթապահել են ոստիկանները, իսկ այս ընթացքում մի շարք փաստեր և դեպքեր աղավաղվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է վերջինիս պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Մելքոնյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել էր հիվանդանոց ու այնտեղ մնացել մինչև ձերբակալման օրը: Հունիսի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունն ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։
«Մենք, որպես փաստաբաններ, ցանկացել ենք նրան այցելել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Երբ իրենք էլ հասկացան, որ այդ ամենն անօրինական է, դիմեցին բժիշկների օգնությանը, որը, ըստ իրենց, գրագետ տարբերակ էր։ Բժիշկները չէին թողնում ներս մտնել, պատճառաբանելով, թե ցավազրկող են ներարկել, և վերջինս խոսել չի կարող։ Արդեն հաջորդ օրը պարզ դարձավ, որ նրան ներարկում չի արվել և որ ինքը դռան հետևից լսել է խոսակցությունները։ Հետագայում արդեն մուտքն ազատ էր, սակայն հիվանդասենյակի մուտքն անընդհատ հսկվել է: Ես համոզված եմ, որ եթե նա ցանկանար դուրս գալ հիվանդասենյակից, չէին թողնի»,- ասել է փաստաբանը։
Էլբակյանը նշել է, որ ձերբակալված լինելու ընթացքում իր պաշտպանյալի առողջական վիճակն անընդհատ վատացել է, և անընդհատ շտապ օգնության մեքենա է եկել:
«Քրեական օրենսգրքում փոփոխություն է եղել, ինչից մենք տեղյակ չենք, սա կամայականություն է, իսկ թե ինչ միտում ունի, այս պահին մենք այդ պատասխանը չունենք։ Եթե նախաքննական ընթացքը գաղտնի է, ապա ինչո՞ւ են ներկայիս ու նախկին պաշտոնյաները վերլուծություններ անում: Իմ կարծիքով Գոռ Առաքելյանի պաշտպանը պրոֆեսիոնալ է, հավելյալ օգնության կարիք չունի: Եկեք չանձնավորենք այս գործը՝ եթե չլիներ պատգամավորի փեսա, եթե լիներ պատգամավորի փեսա: Վեր կանգնենք այդ ամենից և թողնենք, որ կատարվի օբյեկտիվ նախաքննություն: Եթե Գոռ Առաքելյանի համար ինչ-որ մարդիկ են հանդես գալիս, ապա Ներսես Մելքոնյանի համար էլ կարող են հանդես գալ, բայց մենք դրա կարիքը չունենք»,- ասել է բանախոսը։
Ներսես Մելքոնյանի մյուս փաստաբանի` Արմեն Խաչատրյանն, իր հերթին, նշել է, որ երբ իրենք ոստիկաններից գրավոր հիմք են պահանջում, ոստիկանները պատասխանում են, թե իրենք հրաման են կատարում. գրավոր հենք, սակայն, չկա:
«Եթե ինչ-որ մեկին են ցանկանում հաճոյանալ կամ ուղղակի ցանկանում են Ներսես Մելքոնյանի անվտանգությունն ապահովել, ապա թող դա անեն հիվանդասենյակի դռնից դուրս: Մեր պաշտպանյալին ձերբակալել են առանց հիմքի», – ասել է պաշտպանը։
Նշենք, որ հրազենային վիրավորումները Վերնիսաժի մոտակայքում հասցրել է 29-ամյա Գոռ Առաքելյանը, ով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։