Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ հունիսի 12-ին հրապարակված «Անցումային շրջանում գտնվող երկրները – 2014» տարեկան զեկույցում Հայաստանը որակվել է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար կառավարման համակարգ ունեցող պետություն»:
Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային տարածքի 29-ը երկրներից 13-ը գնահատվել են որպես ժողովրդավարական, 6-ը՝ անցումային, և 10-ը՝ ավտորիտար կառավարման համակարգ ունեցող։
Freedom House-ի կողմից դիտարկված երկրները գնահատվել են յոթ բալանոց սանդղակով․ որքան բարձր է պետության ստացած միավորը, այնքան այդ երկիրը հեռու է ժողովրդավարությունից: Հայաստանը 2014 թվականին ստացել է 5.36 միավոր:
Պետությունները գնահատվել են յոթ չափորոշիչներով։ Մասնավորապես, գնահատվել են երկրներում ընտրական գործընթացները, համապետական կառավարման համակարգը, տեղական կառավարման համակարգը, քաղաքացիական հասարակության վիճակը, մամուլի անկախությունը, կոռուպցիան, դատական համակարգի անկախությունը։ Հայաստանը 6 չափորոշիչներով ստացել է բավականին բարձր՝ 5․25-ից 5․75 միավոր․ համեմատաբար լավ գնահատականի է արժանացել երկրում քաղաքացիական հասարակության վիճակը՝ ստանալով 3․75 միավոր։
Հայաստանի հարևաններից Վրաստանը, ստանալով 4․68 միավոր, դասվել է «անցումային շրջանում գտնվող հիբրիդային կառավարման համակարգ» ունեցող պետությունների թվին: Նույն խմբում է նաև Ուկրաինան, որն ստացել է 4․93 միավոր։
Ադրբեջանն ու Ռուսաստանը դասվել են «կոնսոլիդացված ավտորիտար կառավարման համակարգ» ունեցող պետությունների թվին՝ ստանալով, համապատասխանաբար, 6,68 և 6․29 միավոր։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։