Home / Հայաստան / Ի՞նչ է կառուցում ՊԵԿ-ը․ «Հայկական ժամանակ»

Ի՞նչ է կառուցում ՊԵԿ-ը․ «Հայկական ժամանակ»

Ուսումնասիրելով պետեկամուտների կոմիտեի համար կատարվող գնումների փաստաթղթերը՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի տնտեսության գոյության միակ իմաստը ՊԵԿ-ի ախորժակը սպասարկելն է, «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է Հայկ Գևորգյանը։

«Դրա լավագույն ապացույցներից է, թերևս, ՊԵԿ-ի՝ Դիլիջանում կառուցվող, այսպես կոչված, ուսումնական կենտրոնը։ Դեռ 2010 թվականին ՊԵԿ-ը շուկայականից մոտ 7 անգամ էժան գնով՝ 505 միլիոն դրամով, ձեռք բերեց կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը», որն էլ պետք է վերածվի վերը նշված «ուսումնական կենտրոնի»։ Սկզբնական շրջանում ՊԵԿ-ին հատկացվել էր մոտ 3․5 հեկտար, բայց մեկ տարի անց այդ տարածքին միացվեց Դիլիջանի անտառներից ևս 22 հեկտար տարածք։

Շինարարությունը նախատեսված է ավարտել 2015 թվականի սկզբին։ Թե ինչ է իրականում կառուցվում, ճիշտն ասած, այդքան էլ հեշտ չէ կռահել։ Շինարարությունը, կարելի է ասել, անց է կացվում գաղտնի պայմաններում։ Բայց պաշտոնական փաստաթղթերով կարելի է մոտավոր պատկերացում կազմել այդ կառույցի մասին», – նշում է Գևորգյանը։

Մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել ԶԱԱՐՏ ճարտարապետական արվեստանոցի հետ, որը 17․4 միլիոն դրամով պետք է պատրաստի շինարարական նախագծերն ու նախահաշիվները։ «Սովորաբար՝ եթե ասում ենք «ուսումնական կենտրոն», ապա դրա հիմնական բաղկացուցիչ մասերը պետք է լինեն, ասենք, լսարանները, դասասենյակները․․․ Բայց այդ պայմանագրով նախատեսվող օբյեկտների ցանկում նման հասկացություններ ընդհանրապես չկան։ Փոխարենը կա սպա կենտրոն, ննջարանային մասնաշենք, սպորտդահլիճ, թվով 9 առանձնատուն»։

Ըստ հրապարակման՝ պաշտոնական շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերից հայտնի է, որ միայն այս տարվա համար պետական բյուջեով այս կառույցի շինարարության համար նախատեսված է 2․7 միլիարդ դրամ կամ 6․5 միլիոն դոլար։ 2․1 միլիարդ դրամ կամ ավելի քան 5 միլիոն դոլար հատկացված է եղել 2012 թվականի վերջին։

«Բոլոր հատկացումները փաստաթղթերով գտնելը, թերևս, անիմաստ զբաղմունք է, քանի որ ՊԵԿ-ը ունի ծախսեր կատարելու անսպառ հնարավորություններ, որոնց փաստաթղթավորումը չի հրապարակվում։ Մասնագետների գնահատմամբ, Դիլիջանի այդ կառույցը ավարտին հասցնելու համար, ընդհանուր առմամբ, ամենահամեստ հաշվարկներով, կպահանջվի 30-40 միլիոն դոլար։ Եվ այդ գումարը, բնականաբար, վճարվելու է ՀՀ պետական բյուջեից կամ ավելի պարզ՝ հարկատուների հաշվին։

Ուշագրավ է, որ նախագծա-նախահաշվային փաստաթղթերը մի քանի հարյուր հազար դոլարով կազմող «ԶԱԱՐՏ» արվեստանոցը որևէ այլ աշխատանքով հայտնի չէ, համենայնդեպս, նման արվեստանոցի մասին համացանցում ակնարկ անգամ չկա», – եզրափակում է հոդվածի հեղինակը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում