Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը փորձում է Աշտարակում գազալցակայան կառուցել, սակայն վերջինիս դեռ չի հաջողվում ստանալ քաղաքի ավագանու համաձայնությունը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
«Աշտարակի ավագանին ընդդիմանում է, ու հատկապես մայիսի 30-ի նիստը փոթորկալից մթնոլորտում է անցել, երբ քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջարկել է կայացնել մի որոշում, համաձայն որի՝ նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդը իրականանա, քանի որ անվտանգության ոչ մի կանոն պահպանված չէ, բացի դա, այդ հողատարածքը պատկանում է սպորտդպրոցին», – գրում է թերթը:
«Ժողովուրդ»-ը նաև տեղեկացնում է, որ նիստից հետո Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, ինչպես նաև քաղաքապետը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են ազդել ավագանու անդամների վրա, որոշ դեպքերում էլ՝ սպառնալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում