ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները չեն եկել 2014 թ. հունիսի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքի քննությանը: Պետրոսյանը ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի մայրն է։ Նրա ներկայացուցիչները պահանջում են Հայկ Մովսիսյանին ճանաչել տուժող, Հեղինե Պետրոսյանին ճանաչել տուժողի իրավահաջորդ, ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանին պարտավորեցնել տրամադրել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը և կարճված գործի նյութերի պատճենները:
Ինչպես հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ՀՔԾ-ի և Գլխավոր դատախազության ներկայացուցիչները դատարանին գրությամբ տեղեկացրել են, որ նիստին չեն ներկայանալու աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
Արայիկ Զալյանն այդ առնչությամբ հայտնել է, որ վերջիններս չեն ներկայացել նաև առաջին ատյանի դատարանում դիմումի քննության շրջանակներում կայացած դատական նիստերին։ Ավելին՝ դիմումատուի ներկայացուցիչներն իրենք են միջնորդել՝ ապահովելու ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությունը, սակայն վերջիններս, այնուամենայնիվ, չեն ներկայացել բողոքի քննությանը: Դատարանը փորձել է ճշտել, թե արդյոք Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչն անհրաժեշտ չի համարում ապահովել նաև մյուս կողմի ներկայությունը բողոքի քննությանը, որին Արայիկ Զալյանը դրական պատասխան է տվել: Այդպիսով, Վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է և նշանակվել է հունիսի 30-ին, ժամը 14:30-ին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր հայտարարության մեջ արձանագրում է ՀՔԾ և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների միտումը խոչընդոտելու Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների ու պատճառների բացահայտմանը՝ ձգձգելով գործի ընթացքը, այդպիսով՝ վերացնելով հանցագործության «թարմ հետքերը»:
Հիշեցնենք, որ պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Մովսիսյանը 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով (հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը դադարեցնելը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Դրանից մեկ շաբաթ անց ԼՂՀ քննչական մեկուսարանում նրան գտել էին մահացած:
Հայկ Մովսիսյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով ԼՂՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ, որը կարճվել էր՝ քրեակատարողական վարչության աշխատակիցների և քննչական մեկուսարանի կալանավորների, ամբաստանյալների, դատապարտյալների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով։ Հայկ Մովսիսիյանի վերաբերյալ քրեական գործով պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար գործն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնական անփութության հատկանիշներով, որտեղ քրեական գործ էր հարուցվել: Նշված քրեական գործի շրջանակներում, սակայն, Հայկ Մովսիսյանը տուժող չի ճանաչվել, այդպիսով հնարավորություն չի տրվել իրացնել քրեադատավարական օրենսդրությամբ տուժողին և նրա իրավահաջորդին վերապահված իրավունքները:
Երիտասարդի մայրը լրագրողների հետ հանդիպումների ժամանակ նշել է, որ չի հավատում ինքնասպանության վարկածին։
Լուսանկարում՝ Հեղինե Պետրոսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը