Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միանգամայն տարբեր հարցեր են։ «Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանը միանալու հատուկ հրավեր չի ուղարկել։ «Բայց մենք ուրախ կլինեինք, եթե մեր համագործակցությունը զարգանար տարբեր ուղղություններով, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ԵՏՄ-ն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսական միությունն է, ու այս ամսվա վերջին այս միություն կմտնի նաև Հայաստանը։ Իսկ Ղարաբաղի հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է։ Ինչպես գիտեք, հայկական կողմը հայտարարել է, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու է նույն սահմաններով, որոնցով միացել է այլ կազմակերպություններին, այդ թվում՝ ԱՄՀ-ին։ ԵՏՄ-ին անդամակցելն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միանգամայն տարբեր հարցեր են։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետագայում էլ նպաստելու է այս հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,- ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Մոսկվան Ադրբեջանին համարում է լուրջ գործընկեր Հարավային Կովկասում ու շահագրգռված է երկկողմ հարաբերությունների խորացմամբ։
«ՆԳ»-ն նշում է, որ, բաքվեցի վերլուծաբանների կարծիքով, այդ հարաբերությունների զարգացման դինամիկայի վրա չեն ազդել անգամ Ուկրաինայի իրադարձությունները։
«Ադրբեջանը, միանշանակ ընդունելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կարողացավ ոչ միայն բացատրել իր դիրքորոշումը, այլև շարունակել զարգացնել Ռուսաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում։ Ակնհայտ է, որ այս փաստը հիմք է դարձել այն վիճահարույց կարծիքին, որ Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն է։ Բաքուն դա չի ժխտում, բայց, միաժամանակ, չի պատրաստվում զոհաբերել իր ազգային շահերը։ Հենց այս շահերի շուրջ է Ադրբեջանը կառուցում իր արտաքին քաղաքականությունը։
Միևնույն ժամանակ, որոշ աղբյուրներ պնդում են, որ Լավրովի այցի ընթացքում, հավանաբար, դիտարկվել են նաև էներգետիկ հարցեր, մասնավորապես, նավթի ու գազի՝ միջազգային շուկաներ առաքման երթուղիները։ Ոչ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ոչ էլ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, սակայն, այդ խնդիրները չեն բարձրաձայնվել։ Ենթադրվում է, որ իր այցի ընթացքում Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է նաև իրավիճակն Ուկրաինայում․ կողմերի կարծիքները, սակայն, մնացել են կադրի հետևում»,- եզրափակում է «ՆԳ»-ն։