Երեկ Ազգային ժողովի մոտ կայացած «Դեմ եմ» նախաձեռնության ակցիայի ժամանակ միջադեպ է գրանցվել ակտիվիստների և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի միջև:
News.am-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրինագծի քվեարկությունից հետո Աշոտ Աղաբաբյանը, դուրս գալով ՀՀ Ազգային ժողովի շենքից, անվայելուչ արտահայտություն է արել շենքի դիմաց գտնվող քաղաքացիների հասցեին՝ «Արա, դուք պիդռներ եք», իսկ ակտիվիստները մանրադրամներ են նետել նրա ուղղությամբ:
«Գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից հայհոյանք պարունակող արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր և պատշաճ վարքագիծ է, ինչպես նաև էթիկայի կանոնների կոպիտ խախտում:
Նման վարքագծի դրսևորումն էլ ավելի է խորացնում հարգանքի եւ վստահության բացակայությունը ոչ միայն իր, այլ նաև իր անդամակցած կուսակցության նկատմամբ:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում արձագանքել հանրության այս պահանջին՝ վարույթ հարուցել և քննարկել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը», – ասված է հայտարարության մեջ:
Եվս մեկ ՀՀԿ-ական պատգամավոր՝ Սամվել Նիկոյանը, նախաձեռնության անդամների հետ զրույցում պնդում է, որ վերջիններս փակ ել են ականջները ու բացել են բերանները՝ չցանկանալով լսել իրեն ընդդիմախոսներին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նիկոյանը նշում է, որ «20 հոգին հանրային ընդվզում չէ»:
Աղաբաբյանի և Նիկոյանի հետ զրույցի մանրամասները «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում.