Հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ քննարկման են դրել «Հանրային օրակարգի հիմնադրույթներ» փաստաթուղթը։
Խնդրի նկարագրություն
Հայաստանի հասարակության իբրև ինքնիշխանի կայացման հիմնական խնդիրն է՝ յուրաքանչյուրի թույլ զարգացած իրավասությունները /առօրեական/ կյանքի հիմունքային ոլորտներում, որոնք են՝ տնտեսությունը, անվտանգությունը՝ անձնականից մինչև պետական ու տարածաշրջանային, ներքին ու արտաքին քաղաքականության հարցերի վրա թույլ, ինստիտուցիոնալ չապահհոված ազդեցությունը, ինչպես նաև մշակութային ինքնիշխանության ապահովման երաշխիքների բացակայությունը:
Արդյունքում, մարդու կապը իր երկրի, հասարակության, և դրանց միջոցով՝ աշխարհի ու ժամանակաշրջանի էական զարգացումների հետ հաճախակի կրում է վերացական, էմոցիոնալ ու բանավոր /հրապարակախոսական/ բնույթ։ Ուղիղ, էական կամարտահայտության ինստիտուցիոնալ մեխանիզմները թույլ են զարգացած և անգամ բացակայում է դրանց կատարելագործմանն ուղղված քայլերի որոնումը հասարակական դիսկուրսում, քաղաքական ուժերի կողմից առաջարկվող օրակարգերում: Հենց դա է, որ խանգարում է քաղաքական, հանրային կյանքի ու պայքարի համընդհանրացմանը, բեկում ապահովող կրիտիկական զանգվածի ինքնակազմավորմանը:
Առաջարկվող լուծումները
Համաժողովրդական շարժման նոր մեկնարկի համար անհրաժեշտ է ձևակերպել այնպիսի սկզբունքների համակարգ, որոնք կոչված կլինեն գործնականորեն ապահովել մարդու իշխանացումը, կառուցվացքային փոփոխությունները կյանքի բոլոր՝ առօրեականից մինչև համապետական մակարդակներում:
Այդ հիմնադրույթների համակարգը բաղկացած է հինգ սկզբունքներից.
ա/ Քաղաքական իշխանության սեփականաշնորհում. Իշխանությունը պետք է առավելագույնս իրականացվի ուղիղ ժողովրդավարության սկզբունքով, համընդհանուր ու լոկալ հանրաքվեների անցկացման միջոցով:
Մարդու իրավունքների շրջանակը հանրաքվեների միջոցով չի կարող նվազեցվել, այլ կարող է միայն ընդլայնվել:
Մարդը պետք է իրականացնի իշխանության իր սահմանադրական իրավունքը ոչ թե ընտրությունից ընտրություն /իսկ մնացած ժամանակ հոդվածներ գրի ու ցույցերի դուրս գա/, այլ անընդհատ:
Զանգվածները պետք է վերածվեն իշխանավորված անհատականությունների: Այդ եղանակը պետք է կիրառվի սկզբում հենց հանրային ինքնակազմակերպման հարթակներում՝ լինեն դրանք քաղաքական կուսակցություններ ու դրանց դաշինքներ, կամ քաղացիական նախաձեռնություններ ու շարժումներ:
բ/ Անվտանգության ապահովումը, անձնականից մինչև պետականը, պետք է դառնա յուրաքանչյուրի գործը, առանց տարիքային ու սեռային խնտրականության: Պետք է արմատապես փոխվի բանակ կազմելու սկզբունքը, այժմ երկրի պաշպանությունը հարկադրաբար բեռնված է 18-20 տարեկան տղաների ուսերին, ինչը մնացած քաղաքացիներին փաստորեն դարձնում է անվտանգության պասիվ սպառող, կախման մեջ է գցում իշխանություններից, թույլ չի տալիս յուրաքանչյուրին ինքն իրեն գիտակցել իբրև անվտանգության աղբյուր:
Ինքն իրեն իբրև անվտանգության աղբյուր գիտակցող քաղաքացին նաև հանդիսանալու է ինքնապաշտպանության ունակ առօրեա կյանքում, ինչը կտրուկ նվազեցնելու է պետական ռեպրեսիվ մարմինների կարիքը: Նաև՝ բանակը, առավել ևս՝ իրավապահ մարմինները, չպետք է հանդիսանան արտաքին ու ներքին քաղաքականության գործիք:
գ/ Համատարած սեփականատիրություն տնտեսական ոլորտում, ոչ վարձու աշխատանքին սկզբունքի կիրառում, աշխատանք ոչ թե աշխատավարձի, այլ համասեփականության իրավունքի /բաժնետոմսային ձևով/ , եկամուտի համապատասխան մասի դիմաց: Սեփականատերը իշխանավոր է, վարձու աշխատողը՝ ոչ:
Խոսքը այստեղ կարող է գնալ ոչ թե եղած սեփականության բռնի վերաբաշխման մասին, այլ՝ ապագայում ստեղծվող սեփականության ու դրա եկամուտների բաշխաման նոր սկզբունքի մասին: Մենաշնորհային վիճակից պետք է ազատագրել ոչ թե գույքը, այլ մարդկանց, որոնք կցանկանան աշխատել նոր պայմաններում, նոր տնտեսությունում՝ հաշված տարիների ընթացքում հաստատելով աշխատանքային հարաբերությունների նոր ստանդարտ:
դ/ Յուրաքանչյուրի քաղաքական ազատությունն ու իշխանացումն ապահովելու նպատակով հարկավոր է հանել երկրի վրայից այնպիսի կաղապարը, ինչպիսինն է արտաքին քաղաքական կողմնորոշումը: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է պայմանավորվել, իբրև հիմունքային սկզբունքի, երկրի չեզոքացման մասին: Հայստանը ոչ մեկինն է, հայաստանակենտրոն է: Միայն այդ պայմանով երկրի քաղաքացիները կարող են ազատ արտահայտել իրենց քաղաքական ու մշակութային նախասիրությունները, ակտիվորեն մասնակցեն մարդկության, տարածաշրջանի կյանքում, կաշկանդված չլինելով «երկրի կողմնորոշումով»: Դա չի նշանակում արտաքին քաղաքականության բացակայություն, դա նշանակում է արտաքին քաղաքականության մասնավորեցում իշխանավորված քաղաքացու կողմից, և արտաքին քաղաքականության իրական ակտիվացում:
ե/ Վերոնշված չորս կետերի իրականացման հետևանքով միայն հնարավոր է դառնում հինգերորդ իշխանացման իրականացումը, այն է՝ մշակութային ինքնիշխանության ձեռքբերում: Մարդը ուզում է ինքը, իր համոզմունքերի, ճաշակների, պատկերացումների հիման վրա ազատորեն տնօրինի իր մարմինը, իր հարաբերությունները մյուս մարդկանց հետ, ստեղծի և ունենա իր պատկերացումներին համապատասխանող կրթություն, գիտություն, առողջապահություն, դավանանք, մերձավորների հետ հարաբերություններ, արվեստ: Այսօր մենք ունենք դրա հայտը բազմաթիվ անհատների կողմից, որոնք սակայն հաճախակիորեն զուրկ են իրենց մշակութային ընտրությունն պաշտպանելու համար անհրաժեշտ իրավասություններից, իշխանությունից: Տնտեսապես, քաղաքականապես իշխանավորված, ինքն իր անվտանգության աղբյուրը հանդիսացող մարդը կարող է արդյունավետ պաշտպանել իր մշակութային ընտրությունը, դառնալ մշակույթի աղբյուր, ստեղծագործող, այլ ոչ թե միայն սպառող: