Գրող Արփի Ոսկանյանն ընդդեմ 1in․am կայքի գործով դատավարության առաջին նիստն այսօր չի կայացել։ Պատասխանող կողմը՝ 1in.am կայքի սեփականատեր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչը դատարան չի ներկայացել։ Դատական նիստի հետաձգման ևս մեկ հիմք է հանդիսացել այն, որ Արփի Ոսկանյանը պատշաճ կերպով չէր ծանուցվել նիստի մասին:
Epress.am-ի հետ զրույցում Ոսկանյանի փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը պատմել է, որ պատասխանող կողմը գրություն էր ուղարկել դատարան՝ միջնորդելով հետաձգել նիստը։ Արդյունքում գործով առաջին դատական նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Դատավորն իր նման որոշումը պատճառաբանել է դատարանի ծանրաբեռնվածությամբ։
Հիշեցնենք՝ Ոսկանյանն իր հայցում նշել էր, որ 1in.am կայքը «Հայկական ժամանակ» օրաթերթից արտատպել էր իր հեղինակած քաղաքական հանելուկներից մեկն առանց հեղինակի հետ նախապես համաձայնեցնելու։
Հանելուկը ներկայացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկարով։ Կայքը նաև հայտարարել էր նույն հանելուկի բառերով երգի մրցույթ՝ խոստանալով հաղթողին 1500 դոլար մրցանակ։
Ոսկանյանը պահանջում է 1in.am-ից հարգել իր հեղինակային իրավունքները, խորհրդանշական 200.000 դրամի փոխհատուցում տալ, և կայքից հանել արտատպված հանելուկը: