Սիրիայից Հայաստան ներգաղթած մոտ 5000 սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամաս կառուցելու ծրագիրը ձախողման եզրին է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Երեկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ ծրագիրն իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն հավաքվել:
«Չեմ կարող ասել ծրագիրը կշարունակվի, թե ոչ: Եթե սփյուռքը օգնի… քիչ մարդիկ են աջակցում, ցավոք սրտի, մեծահարուստներից միայն Հրանտ Վարդանյանն է ձեռք մեկնել»,- ասել է նախարարը:
«Գրանդ հոլդինգի» նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանը (մահացել է 2014 թվականի ապրիլին) ծրագրին 100 հազար դոլար է նվիրաբերել։
Թերթը նշում է նաև, որ 660 սիրիահայ ծրագրի սկզբում հերթագրված է եղել «Նոր Հալեպ»-ում բնակարան ստանալու համար, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում