Դժվար է պատկերացնել որևէ պետության իրավական համակարգի կայացումն ու զարգացումը, կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությունն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման: Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Իր ուղերձում վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգի զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ նախագահի 2012 թվականի կարգադրությամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծրագրի մշակման գործում ակտիվորեն ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
«Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում` միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը», – ընդգծել է վարչապետ Աբրահամյանը:
Նշենք, որ, համաձայն միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների, Հայաստանում մարդու իրավունքներ պաշտպանության ոլորտում վատթար վիճակ է տիրում։ Մասնավորապես, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր այս տարվա զեկույցում գրում է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը մշտական բնույթ են կրում, ընտրությունների ընթացքում առկա են բազմաթիվ ընտրախախտումներ, իսկ հեռուստատեսությունում բացակայում է բազմակարծությունը։
ԱՄՆ Պետդեպի զեկուցի հեղինակներն ընդգծում են, որ 2013-ին մարդու իրավունքների ոլորտում լրջագույն խնդիրներն են եղել կոռուպցիան, կառավարության գործունեության թափանցիկության պակասը, քաղաքացիների` իրենց կառավարությունը փոխելու հնարավորության սահմանափակումները, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը։