«Ժողովուրդ» թերթը որոշել հեռացնել իր Armlur.am կայքում հրապարակված «Հայուհու մերկ լոգանքը Իսակովի պողոտայում» վերնագրով նյութը, գրում է media.am կայքը՝ ներկայացնելով տեսանյութի շուրջ ծավալված քննարկումներն ու արձագանքները։
Կայքի հոդվածին ուղեկցող լուսանկարներում և տեսանյութում պատկերված էր փողոցում կանգնած` մինչև գոտկատեղը մերկ մի կին: Նյութում նշվում էր, որ երեւանցի «թափառաշրջիկ» այդ կինը Իսակովի պողոտայում «լոգանք» էր ընդունում ոռոգման ջրով:
Ինչպես նշում է media.am-ում հրապարակման հեղինակ Աննա Բարսեղյանը, նյութը «Հանուն բարեխղիճ լրագրության» ֆեյսբուքյան էջում մասնագիտական թեժ քննարկման առիթ էր դարձել։ Շատ լրագրողներ մերկ կնոջ լուսանկարը տեղադրելն էթիկայի խախտում, իսկ լրատվամիջոցի այս քայլն անընդունելի էին համարել:
«Տեսանյութում երևում է, որ մարդն ակնհայտորեն առողջական խնդիր ունի: Այս նյութը հրապարակելը մարդու արժանապատվությունը նսեմացնող արարք է, որը պատժվում է քրեական օրենսգրքով, հատկապես եթե մասայական է արվում` լրատվամիջոցներով: Պարզապես ամենացավալին այն է, որ լրատվամիջոցը չի գիտակցում, որ ծաղրի է ենթարկել մարդու, ով հոգեկան առողջության խնդիր ունի եւ թույլ է տվել խախտում թե’ լրագրողական էթիկայի, թե’ մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանը:
Բաթոյանի խոսքով` լրատվամիջոցները պետք է հատկապես զգույշ լինեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին որևէ նյութ հրապարակելիս, քանի որ նրանք կրկնակի խոցելի են հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբում: Նա գտնում է, որ նման նյութ հրապարակելն այցելուների ավելի մեծ քանակ ապահովելու նպատակ է ունեցել:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի խոսքով` նման նյութ հրապարակելը լրագրողական էթիկայի կոպիտ խախտում է:
«Լրատվամիջոցները հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին որեւէ նյութ պատրաստելիս պետք է շատ զգույշ լինեն: Նրանց անօգնական վիճակը շահագործելը էթիկայի տեսակետից անընդունելի եւ դատապարտելի է»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:
Մինչև նյութը կայքից հեռացնելը, Media.am-ին տված մեկնաբանությունում «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն ասում էր, որ Armlur.am-ն ընդամենը ներկայացրել է իրականությունը:
«Եթե այդ մարդը հոգեկան հիվանդ է, դա մեր պրոբլեմը չէ, առողջապահության նախարարությունը պիտի մտածի, որ հոգեկան հիվանդները փողոցում չհայտնվեն, որովհետև սա առաջին դեպքը չէ: Այդ մարդը այսօր մերկացել է, բայց դեպքեր եղան, որ հոգեկան հիվանդները մարդկանց դանակահարեցին, այսինքն` միևնույն է, զոհը հասարակությունն է, և եթե այդ մարդը հոգեկան հիվանդ է ու դրսում է, դրա մեղավորը հաստատ Armlur.am-ը չէ»,- ասում է նա:
«Ժողովուրդ» թերթի կայքի` Armlur.am-ի պատասխանատու Դավիթ Վանեսյանի կարծիքով` հրապարակման մեջ էթիկայի որևէ խախտում չի եղել: Նա շեշտում է, որ իրենք նկարահանումն արել են հանրային վայրում՝ Իսակովի պողոտայում։ Դավիթ Վանեսյանի խոսքով` լրատվամիջոցը ծաղրելու նպատակ չի ունեցել:
«Նյութը նպատակ է ունեցել պատկան մարմինների ուշադրությանը հրավիրել, որ այս քաղաքում կան նման մարդիկ, ու նրանց մեկուսացնել է պետք, ճշտել է պետք նրանց առողջական վիճակը: Այս նյութը նպատակ է ունեցել պարզ լրագրողական ֆունկցիա իրականացնելու` իրականությունը ներկայացնելու»,- ասել է նա:
«Ժողովրդի» ֆեյսբուքյան էջը տարածել է թերթի լրագրող Տաթև Հարությունյանի գրառումը, որտեղ նշվում է, որ հոդվածը հեռացրել են, քանի որ «եթե մեր որևէ հրապարակման շուրջ կա անհասկացվածություն, մենք թույլ չենք տա դա խորանա: Կհեռացնենք հրապարակումը՝ առանց որևէ մեկի հասցեին վիրավորանք հնչեցնելու: Առանց այդ էլ մեր հասարակության մեջ մաղձը շատ է, մենք սեր ենք քարոզում: Սիրեք իրար, կյանքը կարճ է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Media.am