Երևանի «Նոր Արեշ» պոլիկլինիկան, որ չունի շենքային պայմաններ և թշվառության եզրին է, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների, բենզին գնելու գործում առաջատար է։ Թերթն ընդգծում է՝ տարօրինակն այն է, որ պոլիկլինիկայի բալանսին ավտոմեքենաներ չկան:
Ըստ թերթի ստացած ահազանգի, բենզինի դիմաց փոխանցումները պոլիկլինիկայից արվում են ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ կապ ունեցող բենզալցակայանին: Պոլիկլինիկայի տնօրենը Մհեր Սեդրակյանի դուստրն է՝ Ասյա Սեդրակյանը:
Թերթի թղթակիցը գնացել է ահազանգի հետքերով և պարզել է, որ տնօրեն Ասյա Սեդրակյանը ֆիզարձակուրդում է, իսկ նրա պարտականությունները դրված են Ալեն Բաբայանի վրա։ Վերջինս լրագրողի այցի մասին տեղյակ է պահել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին, քանի որ պոլիկլինիկան գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։ Զրույցից հետո Բաբայանը փոխանցել է, թե հարցազրույցի թույլտվության համար հարկավոր է դիմել քաղաքապետարանի լրատվական ծառայություն։ Լրագրողի զանգին ի պատասխան՝ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գրիգորյանը պատասխանել է, թե իրեն չի հաջողվում առողջապահության վարչության պետի հետ հեռախոսակապ հաստատել։
«ՀԺ»-ի թղթակցին, սակայն, հաջողվել է զրուցել պոլիկլինիկայի վարչական մասի աշխատակիցների հետ, ովքեր նշել են, որ իրենք հաճախ պարտքեր են ունենում տարբեր կազմակերպությունների, սակայն բենզին ձեռք չեն բերում ու դրա դիմաց չեն վճարում։ Աշխատակիցների խոսքով՝ բենզինի մասին լուրերը հերյուրանք են։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում