Home / Տեսանյութեր / Ադրբեջանցի գերի և ռազմական ուղղաթիռներ․ խուճապ Վարդենիսում

Ադրբեջանցի գերի և ռազմական ուղղաթիռներ․ խուճապ Վարդենիսում

Երեկ ողջ օրվա ընթացքում Վարդենիսում տիրող խուճապը կապված է եղել քաղաքի վրայով անցնող ռազմական ուղղաթիռների, ինչպես նաև ջրի թունավորման մասին լուրերի հետ։ Վարդենիսի բնակիչները Epress.am-ի հետ զրույցում պատմեցին, որ դեռ նախօրեին լուրեր էին տարածվել, թե ադրբեջանցիները սահմանին մոտ են եկել, իսկ Քելբաջարում նրանցից մեկը գերեվարվել է։

Քելբաջարի բնակիչները մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են, թե երեքշաբթի, մոտավորապես ժամը 14։00-ի սահմաններում Քելբաջարի տարածքում տեղի բնակիչները երկու ադրբեջանցիներ են նկատել, որոնցից մեկին կարողացել են բռնել և հանձնել են իրավապահ մարմիններին, իսկ մյուսին հաջողվել է փախչել։ Մեր զրուցակիցներից մեկի համաձայն, ադրբեջանցիներին տեսել են 14-ամյա կորած երեխային փնտրելու ժամանակ։ Մեր զրուցակիցները չեն կարողացել բացատրել, թե ինչպես են ադրբեջանցիները հայտնվել քաղաքում՝ սահմանապահների թիկունքում։ Նրանք նաև չեն նշել, թե արդյոք գերեվարված ադրբեջանցին զինվորական է։

Վարդենիսիսում երեկ օրվա ընթացքում խուճապը մեծ է եղել․ ռազմական ՀՀ զինված ուժերի ուղղաթիռները անցել են քաղաքի վրայով, իսկ բնակիչների շրջանում լուրեր են տարածվել, թե ադրբեջանցիները թունավորել են ջուրը ու դրանից պետք չէ օգտվել։

«Այսօր ռազմական ուղղաթիռներ են անցել, շատ անսովոր վիճակ է, չգիտենք՝ ինչ է կատարվում։ Ամեն մեկը մի բան է ասում, սակայն հստակ ոչինչ չեն բացատրում», – երեկ նշել է մեր զրուցակիցներից մեկը։