«Ոչ, ինչ-որ մեկի գլուխը կտրելը հերոսություն չէ։ Ընդհանրապես, հերոսությունը վերջին ժամանակներում շատ նորաձև է դարձել։ Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեն համարում։ Իրականում, ես Մուբարիզ Իբրագիմովին էլ հերոս չեն համարում, քանի որ նա խախտել է կարգապահությունն ու վտանգի ենթարկել զորամասը»։ Oxu.az կայքի փոխանցմամբ, այս մասին Interpress.az-ի հետ զրույցում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, ադրբեջանական «Գորշ գայլ» գումարտակի հրամանատար Նուրեդդին Հոջան։
Հարցազրույցը ներկայացնում ենք թարգմանաբար:
– Դուք երևի տեղյակ եք, որ պատերազմի մասնակից Իբադ Հուսեյնովը պայքարում է «Ազգային հերոսի» պատվավոր կոչում ստանալու համար։
– Նա անխիղճ մարդ է, ով ուզում է Ազգային հերոսի կոչում ստանալ։ Եթե պարտված բանակի կենդանի մնացած զինվորը ցանկանում է այդ կոչումը ստանալ, ապա կամ նրա գլուխը չի աշխատում, կամ նա խիղճ չունի։ Նրա եղբայրը, ով արդեն 20 տարի է գործադիր իշխանության ղեկավարն է, լավ փող ունի ու ցանկանում է եղբորը Ազգային հերոս դարձնել։ Արդյո՞ք պարտված բանակը կարող է կենդանի հերոս ունենալ։
Ինչպիսի՞ մարդ պետք է լինել Ազգային հերոսի կոչում պահանջելու համար՝ իմանալով, որ քո ազգի հարյուրավոր կանայք գտնվում են գերության մեջ, որ քո հողերի 20 տոկոսը օկուպացված է։ Ենթադրենք՝ դու մի մարդու գլուխ ես կտրել։ Եվ ի՞նչ։ Դու չե՞ս ամաչում, երբ հայելու մեջ ես նայում։ Գիտակցո՞ւմ ես, որ քո արարքը հերոսություն չէ։ Հերոսություն կլիներ այն, եթե չփաղչեիր Խոջավենդից ու զոհվեիր այնտեղ։
– Պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել։ Ադրբեջանցի զինվորները հայաստանցի երեխաների չե՞ն սպանել։
– Ինչու չեն սպանել։ Դա պատերազմ էր։ Իսկ հիմա այնպես են խոսում… Պատերազմի մասին խոսում են անգամ նրանք, ովքեր այն չեն տեսել։ Հատկապես մամուլում և սոցցանցերում։ Ասում են, թե իբր 64 հազար վետերան կա. ես պատերազմի ժամանակ անգամ 60 հազար մարդ չեմ տեսել։ Եթե մենք 60 հազար մարդ ունենայինք, կհասնեինք Երևան։
– Ինչո՞ւ պարտություն կրեցինք։
– Պարտություն է կրել բանակը, այլ ոչ՝ զինվորները։ Զինվորներին ասել են «գնա», նրանք գնացել են, ասել են «մահացիր», նրանք մահացել են։ Ինչո՞ւ եք ասում՝ զինվորներն են պարտվել։ Իրականում, պարտվել են քաղաքական էլիտան ու հրամանատարները, այլ ոչ՝ ադրբեջանցի զինվորները։
– ANS-ի և քելբաջարցիների միջև վերջերս խնդիր էր առաջացել… (ադրբեջանական ANS հեռուստաալիքը ներկայացրել էր վարկած Քելբաջարի բնակիչների «վախկոտության» մասին: Քելբաջարն այժմ վերահսկվում է հայկական զորքերի կողմից – Epress.am):
– Կարծում եմ՝ նրանք «Քելբաջարի» հարցը բարձրացրել են ինչ-որ տեղեկություն թաքցնելու համար։
– Իսկ դա փախստականների օգտագործում չէ՞։ Փախստականներին մեկ անգամ արդեն օգտագործել են։ Ես Էյնուլային չեմ արդարացնում, բայց նրա ձերբակալության համար օգտագործեցին Խոջալուի փախստականներին (Էյնուլլա Ֆաթուլաև՝ ադրբեջանական Haqqin.az կայքի խմբագիր, նախկին խղճի գերի, նախկին ընդդիմախոս, «Ղարաբաղյան օրագիր» հոդվածաշարի հեղինակ – Epress.am)։
– Էյնուլան սխալ արարք էր գործել։ Խոջալուի հարցը շատ բարդ հարց է։ Քելբաջարում շատ էին թե լավ մարտնչող տղաները, թե փախչողները։ Նույնը կարելի է ասել բոլոր օկուպացված շրջանների մասին։
– ANS-ն ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ բացելու է սնդուկն ու պատմի ամեն ինչ։ Ի՞նչ կա այդ սնդուկում։ Դա շանտա՞ժ է։
– Թե ինչ կա նրանց սնդուկում, պետք է նրանց հարցնել։ Իսկ այն, որ քելբաջարցիները փախել են, դա փաստ է։
– Պայքարող որևէ շրջան չկա՞ր։
– Գետաբեկը միակ շրջանն էր, որ հողեր վերցրեց, այլ ոչ՝ տվեց։
– Ո՞վ է կառուցել Ազգային բանակը։
– Ադրբեջանի Ժողովրդական ճակատը։ Ադրբեջանի այն ժամանակվա կառավարությունը։
– Իսկ հայերի հետ կապ կա՞ր։
– Իհարկե։ Կային որոշակի մարդիկ՝ գերիներին ու դիակները փոխանակելու համար։
– Իսկ ձեր կարծիքով հերոսն ո՞վ է։
– Հերոսներ էին Շիրինը, Համբարը, Ռամիզը: Նրանք զոհվել են այնտեղ։ Նրանք զոհվել են՝ պայքարելով։
– Հայի գլուխ կտրելը հերոսությո՞ւն է։
– Ոչ, ինչ-որ մեկի գլուխը կտրելը հերոսություն չէ։ Ընդհանրապես, հերոսությունը վերջին ժամանակներում շատ նորաձև է դարձել։ Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեն համարում։ Իրականում, ես Մուբարիզ Իբրագիմովին էլ հերոս չեն համարում, քանի որ նա խախտել է կարգապահությունն ու վտանգի ենթարկել զորամասը։
– Չինգիզ Մուստաֆաևը նկարահանում էր պայքարը, դա հասկանում ենք։ Իսկ ո՞վ էր նկարահանում Չինգիզին (Օպերատոր, ով աշխատում էր Ղարաբաղյան պատերազմի գոտում, մասնավորապես, Խոջալուի ողբերգության վայրում, սպանվել է 1992 թվականին – Epress.am)։
– Հետաքրքիր է, պայքարների այնքան տեսանյութեր կան, իսկ ո՞վ էր դրանք նկարահանում։ Ես այդքան պայքարել եմ, բայց դա չեմ տեսել։ Զինվորները չէին կարողանում խրամատներից դուրս գալ, որտեղի՞ց էին այդ պահին օպերատոր գտնում։ Չգիտեմ՝ Չինգիզին ով է նկարահանել։ Նրանք մի քանի մարդ էին հավաքում, մի քանի անգամ կրակում. ահա՝ նկարահանումը։
– Հարևան երկրներից որևէ մեկը մեզ չի՞ օգնել։
– Զանգելանի իրադարձությունների ժամանակ օգնություն խնդրեցինք Իրանից։ Եթե չլիներ իրանական հրետանին, Զանգելանի բնակչությունը կմահանար։ Ու դա կլիներ Խոջալուի ողբերգությունից շատ ավելի վատ։
– Ի՞նչ կաներ ժողովուրդը, եթե պատերազմն այսօր լիներ։ Մենք կրկին պարտությո՞ւն կկրեինք։
– Ընդհակառակը, Ադրբեջանն այսօր շատ փող ունի, պետությունն ուժեղ բանակ ունի։ Կարելի է ազատագրել հողերը։ Հողերը վերադարձնելու համար բավական է 30-40 հազարանոց բանակ ունենալ։
– Ժողովուրդը մարտական ոգի չունի։
– Եթե ժողովուրդը մարտական ոգի չունի, ապա ինչո՞ւ են պատերազմում Սիրիայում։
– Ասում են՝ հայերը վախից փախչում էին մարտի դաշտից։ Հայերը վախկո՞տ ժողովուրդ են։
– Իսկ մենք ի՞նչ ենք, եթե հայերը վախկոտ են։ Մեր հողերի 20 տոկոսը նրանց մոտ է։ Հայերը հզոր են։ Եթե հայերը կարողացել են գրավել մեր հողերի 20 տոկոսը, ապա նրանք ուժեղ են։ Պետք է ընդունենք իրականությունը։
– Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներն ինքնահրկիզվում են տների, օբյեկտների համար։
– Նրանք ինքնահրկիզվում են ոչ թե տների, օբյեկտների համար, այլ այն պատճառով, որ նրանց համբերության բաժակն արդեն լցվել է։
– Ինչո՞ւ է գարնան ու ամռան ամիսներին շփման գծում ավելի մեծ թվով զինվոր մահանում։
– Ճակատում բարձրության վրա են կամ հայկական կամ մեր դիրքերը։ Երբ նրանք կրակում են, մերոնք պատասխանում են։ Ամեն ինչ որոշում է բարձրության հարցը։
– Իսկ զինվորների մեծ թվով ինքնասպանություննե՞րը։
– Նրանք այլևս չեն կարողանում հանդուրժել։
– Ի՞նչ չեն կարողանում հանդուրժել։
– Ոչինչ չեն կարողանում հանդուրժել։ Խորհրդային շրջանում տղաները բանակ էին գնում արդեն դպրոցական տարիներից նախապատրաստված վիճակում։ Բայց մեզ մոտ դա չկա։ Բանակ գնացողների մեծ մասը աղքատ ընտանիքների երեխաներ են։ Նրանք ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական պատրաստվածություն չունեն։
– Մեր շրջաններից որո՞նք են փոխանցվել հայերին։
– Ես չեմ տեսել։ Ես հայերին որևէ շրջան չեմ փոխանցել։
– Ասում են՝ զինծառայողները Իրանին վաճառում էին իրեր դատարկված շրջաններից։
– Ես պատերազմել եմ 1987 թվականից մինչև պատերազմի ավարտը ու չեմ տեսել այն, ինչի մասին խոսում եք։
– Ասում են՝ «գորշ գայլերը»՝ Իսքենդեր Համիդովի մերձավորները, քաղաքում ռեկետ էին անում՝ զինվորական հագուստով։
– Եթե քաղաքում զինվորական հագուստով քայլելը ռեկետ է կոչվում, ուրեմն ես ռեկետյոր եմ։ Ես պայքարել եմ պատերազմի սկզբից մինչև վերջ։ Մենք քաղաքում պետք է քայլեինք տոնակա՞ն հագուստով։ Ի՞նչ է՝ մենք զբոսանքի՞ էինք գնում։ Մեր մասին ստեր են պատմում։
Մի անգամ՝ սգո արարողություններից մեկի ժամանակ, մի մարդ ինձ ասաց, որ «Նուրեդդինն իմ օբյեկտում ռեկետ էր անում, փող էր պահանջում»։ Ես հարցրի՝ արդյոք նա Նուրեդդինի դեմքը տեսել է։ Նա պատասխանեց, որ ոչ։ Ու ես ասացի, որ Նուրեդդինը ես եմ։
Կային մեծ թվով հարստացածներ, որոնք օգտագործում եին Իսքենդեր Համիդովի անունը։ Երկրում ինչ էլ պատահեր, ամեն ինչում մեղադրում էին Իսկենդեր Համիդովին ու Ռահիմ Գազիևին։ Ես ատում եմ Ռահիմ Գազիևին։ Ես նրա տեղակալն էի։ Իմ առաջին վիրավորումի պատճառն էլ էր նա։ Բայց նա մարդ է, ով զրոյից բանակ է ստեղծել։
– Իսկ «գորշ գայլերն» այժմ որտե՞ղ են։
– Կենդանի մնացածները մինչ օրս «գորշ գայլեր» են։ Մահացածներն այս աշխարհից հեռացել են նույնպես որպես «գորշ գայլեր»։