Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալուց հետո վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ռադիոկայանը հիշեցնում է, որ երեկ «Ազատության» հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։
«Ինչքան էլ Հայաստանը Վրաստանի բարեկամն է, այդուամենայնիվ, Վրաստանը Մաքսային այդ համակարգի մաս չէ, և ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է Վրաստանի համար, մասնավորապես, Հայաստանի հետ առևտրում հատուկ պայմաններ առաջարկվեն, և ինչո՞ւ պետք է առաջարկվեն։ Ինչո՞ւ, ասենք, պետք է Ռուսաստանը, որ այդքան էլ լավ հարաբերություններ չունի Վրաստանի հետ, դրան համաձայնի։ Ինչո՞ւ պետք է դրան համաձայնեն Բելառուսն ու Ղազախստանը։ Բելառուսն էլ կասի՝ ես էլ Լեհաստան ունեմ հարևան, Ղազախստանն էլ կասի՝ ես էլ Չինաստան ունեմ, որը մեր կարևորագույն առևտրային գործընկերն է», – ասաց Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ եթե ավելի լայն լուծում փորձեն տալ Հայաստանի կողմից բանակցողները՝ բացառություններ խնդրելով որոշակի ապրանքատեսակների համար, և 1.5 հազար ապրանքատեսակների ցանկից 900-ը հանվի, բնականաբար, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը դրան չեն համաձայնի, նույնիսկ եթե Ռուսաստանը պատրաստ լինի։
Հաշվի առնելով, որ ամեն ինչ կամաց-կամաց մտնում է ստույգ բանակցությունների, ստույգ մեխանիզմների դաշտ, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի, Հայաստանի դիվանագիտության, Հայաստանի իշխանությունների նպատակը պիտի լինի՝ փորձել հնարավորինս հստակ ներկայացնել Հայաստանի շահերը, Հայաստանի հնարավոր կորուստները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում