«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը «Բիլայն») նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, չափազանց ուշագրավ նախապատմություն ունի, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ արտերկրից Հայաստան կատարվող հեռախոսազանզերի սպասարկման դիմաց «Արմենտելը» գումարներ էր ստանում օտարերկրյա օպերատորներից: «ՀԺ»-ի տեղեկություններով՝ այդ գումարները, «ԱրմենՏելի» հաշվին նստելու փոխարեն, վախանցվում էին օֆշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվին: 2009-2012 թվականների ընթացքում, երբ Կլիմկոն դեռ ղեկավարում էր «Արմենտելը», ընդհանուր առմամբ, այդ միջոցով «անհետացել է» հարյուրավոր միլիոն դոլար, ըստ որոշ տեղեկությունների, նույնիսկ 500 միլիոն:
«Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այդ հսկայական գումարները, որոնցից նաև պետք է հարկեր վճարվեին, չէին կարող աննկատ անհետանալ։ Դրա մասին քաջատեղյակ են եղել ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ և, նույնիսկ, ըստ մեր աղբյուրների, անձնական շահագրգռվածություն են ունեցել որպեսզի այդ գումարները անհետանան և այս պատմությունը այդպես էլ կմնար չբացահայտված, եթե օֆշորային գոտիներում շրջանառված այդ հսկայական գումարները չհայտնվեին արևմտյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, ինչպես նաև «ԱրմենՏելի» ներկաիս սեփականատեր ռուսական «Beeline» ընկերությունը հետևողական չգտնվեր գործի բացահայտման հարցում։
Ըստ մեր տեղեկությունների, քրգործը մեր իրավապահները հարուցել են ռուս գործընկերների և արևմտյան հատուկ ծառայությունների «սև ցուցակներում» չհայտնվելու նկատառումներով», – գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում