Ուկրաինայի իրավապահ մարմինները պնդում են, որ Մալազիական ավիաուղիների «Բոինգ-777» ինքնաթիռը հունիսի 17-ին կործանվել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության զինյալների կողմից։ Նշենք, որ քաղաքացիական ինքնաթիռը Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամից ուղևորվում էր Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուր։ Զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր 298 անձինք՝ ուղևորներ և անձնակազմի անդամներ, այդ թվում՝ 80 երեխա։
Ուկրաինական ԶԼՄ-ներում արդեն ձայնագրություն է տարածվել, որում լսվում է, թե ինչպես երկու անձ՝ ենթադրաբար զինյալների ներկայացուցիչները, խոսում են խփված ինքնաթիռի մասին ու ասում, թե այն քաղաքացիական էր։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ինքնաթիռը կործանել են «Բուկ» համակարգի միջոցով։
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարները հերքում են իրենց մասնակցությունը, չնայած դեպքից հետո նրանց ներկայացուցիչների կողմից հաղորդումներ են եղել, թե «խփել ենք ուկրաիանական տրանսպորտային ինքնաթիռ»։ Զինյալներն արդեն հայտարարել են, որ գտել են ինքնաթիռի սև արկղերը և դրանք կփոխանցեն Մոսկվա։ Ուկրաինական ԶԼՄ-ները նշում են, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե զինյալները գործում են Ռուսաստանից եկող հրահանգներով և հովանավորությամբ։
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը պահանջել է, որպեսզի կողմերը ոչինչ չձեռնարկեն ինքնաթիռի կործանման վայրում, այդ թվում՝ ձեռք չտան սև արկղերին, քանի որ իր երկիրը պետք է բացահայտի, թե ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երեկ անդրադառնալով իքնաթիռի կործանման փաստին, հայտարարել է, որ դրա պատասխանատվությունը կրում է Ուկրաինան, քանի որ դեպքը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ պատերազմ է ընթանում։
Լուսանկարը՝ Reuters