Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավական զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ։ Այս մասին ilur.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նա կարծիք է հայտնել, թե դա բացատրվում է հետևյալ հանգամանքով․ հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից՝ նկատի ունենալով, որ դրանց հետևանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։
«Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջև, որի լուծումը ահռելի ջանքեր և բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում», – նշել է Տեր-Պետրոսյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ խորհուրդ կտար Տեր-Պետրոսյանը իշխանություններին, ՀԱԿ առաջնորդը պատասխանել է, թե խորհուրդ տալը տվյալ պարագայում իր կողմից անլրջություն կլիներ, որովհետև, ինքը չի տիրապետում խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը։
«Կցանկանայի ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եվրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արևմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եվրասիական միության շրջանակում Հայաստանի դեռևս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ», – ասել է ՀՀ առաջին նախագահը։
Վերջինս կարծիք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու ձգձգման պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք, հայկական կողմի հավաստմամբ, վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի և Ղարաբաղի առևտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որևէ ազդեցություն չի կարող ունենալ Եվրասիական միության հսկայական շուկայի վրա։
«Հարցի պատասխանն, ուստի, պետք է որոնել քաղաքական ոլորտում։ Հստակ է, որ Եվրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջև կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջև` հարկադրված լինելով ծանրութեթև անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետևանքները, որոնք կանխատեսելը մեծ երևակայություն չի պահանջում։ Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արևմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական և տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով։ Մի խոսքով` Եվրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը։
Պատասխանելով ilur.am-ի լրագրողի հարցին, թե երկրի առջև ծառացած ներքին, թե արտաքին անթիվ մարտահրավերների առկայության պայմաններում Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի աներ, որ չի արել, Տեր-Պետրոսյանն առաջարկել է վերաձևակերպել հարցը՝ «Հայաստանի իշխանությունն ի՞նչ պիտի չաներ, որ անում է»։
«Տվյալ ձևակերպումն, առաջին հայացքից, կարող է պարադոքսալ թվալ, սակայն, հավատացեք, որ այն լավագույնս է բնութագրում Հայաստանի իշխանության կատարյալ անմեղսունակությունը կամ, ավելի ճիշտ, հանցավոր անպատասխանատվությունը։ Փոխանակ լծվելու Ձեր նշած մարտահրավերների շուտափույթ դիմագրավման գործին, սարգսյանական ռեժիմն այսօր սևեռված է բացառապես մեկ խնդրի` Հայաստանի գործող Սահմանադրության փոփոխության ժամանակավրեպ ծրագրի վրա, այն էլ անգամ Սահմանադրական դատարանի նախագահի վերջնական փչացման գնով (վերջինիս խայտառակ դերակատարությունն այս ծրագրի իրականացման գործում առանձին թեմա է, որին թերևս կանդրադառնամ մի այլ առիթով)։ Ավելի պատկերավոր ասած, Հայաստանում և Ղարաբաղում բռնկված հրդեհը հանգցնելու փոխարեն, ռեժիմն զբաղված է Հայոց պետականության հիմքերը քայքայելու ազգակործան գործով` թշնամական մի ակտ, որն անգամ Ադրբեջանի մտքով չէր կարող անցնել։ Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հրատապ լուծում պահանջող բոլոր խնդիրներն, ըստ այդմ, ստորադասված են Սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանի բռնապետության հավերժացման միակ նպատակին։ Եվ դա արվում է այնքան ցինիկ ու կոպիտ ձևով, որ այլևս ոչ ոքի մոտ կասկած չի թողնում Սարգսյանի բուն շարժառիթի վերաբերյալ։ Թեև քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, սակայն Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը։ Եվ եթե մինչև հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների և շանտաժի լեզուն, ինչը որևէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի և ողջ հասարակության կողմից։ Վստահ եմ, նրանք այլևս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի և հասարակության առողջ ուժերի միջև` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի և Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։
Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը։