Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) «շնորհիվ» թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը հարց որոշող չեն՝ կապված Ադրբեջանի Եվրասիական միություն մտնելու և ԼՂՀ-ն բանակցային սեղան վերադարձնելու հետ։ Այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
«Ղարաբաղը կարևոր խթան է հանդիսանում Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն բերելու համար։ Ռուսական ծրագիր կա եվրասիական տնտեսական տարածքում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Ըստ այդ ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի սահմանակից ադրբեջանական տարածքներից վեցը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն ԱՊՀ խաղաղապահ զորքեր, բացի Լաչինը, որը չի վերադարձվելու, և Ադրբեջանը ճանապարհները բացելու է Հայաստանի համար», – ասել է փորձագետը՝ նկատելով, որ այս ծրագրի իրագործումը բացարձակապես կախված չէ Հայաստանից կամ Լեռնային Ղարաբաղից։
Բադալյանն անդրադարձել է ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների կողմից ԵԱՀԿ-ին ողղված պահանջին առ այն, թե ԼՂՀ պետք է վերադառնա բանակցությունների սեղան։
«Չգիտես ինչու, մոռանում են, որ Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս է շպրտել ոչ թե Ադրբեջանը, այլ երկրորդ նախագահը: Իսկ մտնի բանակցային գործընթացի մեջ, թե՝ ոչ, կախված է արդեն Ադրբեջանից»,- ասել է նա։
Ըստ փորձագետի՝ այսօր Հայաստանի նախագահը երեք առաքելություն ունի․ դրանցից առաջինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անդամագրվելու հարցն է, որը կախված չէ Հայաստանից, թեև այն միջագային իրավունքի սուբյեկտ է։ Բադալյանի խոսքով՝ դե-յուրե այդ հարցով պետք է զբաղվի ՀՀ նախագահը, սակայն դե ֆակտո դա այդպես չէ։
«Հայաստանը շուտվանից դարձել է Ռուսաստանի դաշնության դե ֆակտո ութսունվեցերորդ վարչատարածքային միավորը։ Եվ ինչպես Նովոսիբիրսկի նահանգապետը չի որոշում ՌԴ արտաքին քաղաքականությունը, այնպես էլ Հայաստանի նահանգապետը չի որոշում ՀՀ արտաքին քաղաքականությունը»,-ասել է Բադալյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի անդամագրումը կկայանա այն ժամանակ, երբ շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ադրբեջան, Իրան և Թուրքիա, կպարզեն բոլոր հարցերը։
Նախագահի երկորդ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հարցն է, որը Ռուսաստանն ուզում է օգտագործել Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու և խաղաղապահ զորքեր մտցնելու համար, ինչը Արևմուտնքին ձեռնտու չէ։
Երրորդ հարցը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին։ Ըստ փորձագետի՝ խորհրդարանական համակարգի անցնելուց հետո Հայաստանը ավելի կառավարելի կդառնա, քանի որ եթե նույնիսկ վարչապետը «թեքվի Արմուտքի կողմ», նրան հեշտությամբ խորհրդարանն օգտագործելով կարելի է փոխարինել մեկ այլ անձով։
Տեսանյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում