Ադրբեջանը լավ հասկանում է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը գրեթե հավասար կլինի Ղարաբաղի կորստին։ Նման կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում։
«Բացատրեմ, ինչու։ Եթե դու բոլոր գործառույթները հանձնում ես Ռուսաստանին, Ռուսաստանը հետո կլուծի Ղարաբաղի հարցն այնպես, ինչպես լուծեց Կարսի հարցը։ Այն ժամանակ էլ հայերը ողջ փաթեթը տվեցին Ռուսաստանին՝ հույս ունենալով, որ ռուսները գոնե մի հարց կլուծեն ի օգուտ մեզ (ես խոսում եմ բոլշևիկյան Ռուսաստանի մասին, ոչ թե ցարական)։ Իսկ բոլշևիկյան Ռուսաստանը հարցը լուծեց հօգուտ իր շահերի․ Կարսը տվեց թուրքերին, Ղարաբաղն ու Նախիջևանը՝ Ադրբեջանին», – հայտարարել է քաղաքագետը։
Պատասխանելով հարցին, արդյո՞ք սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես, հայ զինծառայողների սպանությունը Նախիջևանի հետ սահմանին որևէ կերպ կապված են նշված գործընթացների հետ, Գրիգորյանն ասաց․ «Ինչու՞մ է կայանում Ադրբեջանի իշխանությունների ընդհանուր գաղափարը։ Անընդհատ լարված պահել Հայաստան-Ադրբեջան սահմանները և ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծը, որպեսզի աշխարհը չմոռանա Ղարաբաղի հարցի մասին։ Այսօր կա ուկրաինական ճգնաժամ, Սիրիա, և այդ ֆոնի վրա Ղարաբաղը պարզապես կոնֆլիկտ չի համարվում։ Եկեք իրար չխաբենք։ Դա ի՞նչ կոնֆլիկտ է Ուկրաինայի և Սիրիայի դեպքերի հետ համեմատած»։
Ըստ քաղաքագետի՝ Նախիջևանի սահմանին, սակայն, այդ փորձերը նոր երանգ ունեն՝ կապված Թուրքիայի հետ․ «Դուք գիտեք, որ 1921թ․ Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի անկախության կամ անվտանգության երաշխավորը Ռուսաստանը և Թուրքիան են։ Եվ եթե այստեղ լարվածությունը մեծանում է, նշանակում է՝ Թուրքիան, ոչ միայն Ռուսաստանը, ի պաշտոնե պարտավոր է արձագանքել։ Այսինքն, Նախիջևանում լարվածություն սադրելու նպատակը նաև այն է, որ Ադրբեջանն ուզում է ավելի ակտիվ ներգրավել Թուրքիային ղարաբաղյան գործընթացի մեջ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ News.am-ից