Հայաստանի հետ սահմանին մաքսային վերահսկողության հաստատումը լուրջ հարված կհասցնի ԼՂ բնակչության իրավունքներին։ Այս մասին այսօր ՌԴ Դաշնային Խորհրդի և ՀՀ ԱԺ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանում (Նիժնի Նովգորոդ) հայտարարել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին, որ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով։
Զուրաբյանն իր ելույթում նշել է, որ Եվրասիական միությանը միանալու համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցն ինքը նաև բարձրացրել է Պետդումայի փոխխոսնակ Իվան Իվանովիչ Մելնիկովի հետ հանդիպման ժամանակ։
«Ինչո՞ւ է դա արժանացել մեր լուրջ արձագանքին: Բանն այն է, որ նման վերապահումը ենթադրում է մաքսային վերահսկողության հաստատում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Ինչպես հայտնի է՝ Ղարաբաղի հետ հակամարտության պատճառով Ադրբեջանը 1991 թվականից իրականացնում է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակում, և այդ ժամանակվանից Հայաստանը Ղարաբաղի բնակչության համար հանդիսանում է դեպի աշխարհ միակ ելքը, ինչը թույլ է տալիս իրականացնել մարդկանց ազատ տեղաշարժ և ազատ առեւտուր:
Հայաստանի հետ սահմանին մաքսային վերահսկողության հաստատումը լուրջ հարված կհասցնի ԼՂ բնակչության իրավունքներին, որն առանց այդ էլ տառապել է շրջափակման, զինված հակամարտության և իր պետականության չճանաչված լինելու պատճառով:
Բնական է, որ իրերի նման դրությունը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գաղափարին կստեղծի լուրջ հակազդեցություն: Քանի դեռ լուծված չէ ԼՂ հիմնախնդիրը, միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրասիական միությունը, պարտավոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված ծանր կացությունն ընկալել նախևառաջ որպես մարդասիրական, և ոչ՝ քաղաքական խնդիր:
Այդ պատճառով, մենք առաջարկում ենք, որ դուք, որպես Ռուսաստանում մեր առաջնային ընկերներ, օգտագործեք ձեր ազդեցությունը՝ այդ զգայուն խնդիրը լուծելու համար: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը՝ Հայաստանի Հանրապետության հետ ցանկացած պայմանագիր կնքելիս պետք է օգտագործի այն նախապայմանը, որի համաձայն՝ մինչև ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների արդյունքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կգործի տնտեսական ռեժիմ, որը դե ֆակտո գործում է 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև կնքված զինադադարի օրվանից», – ասել է Լևոն Զուրաբյանը։