Սերժ Սարգսյանն արդեն ծանոթացել է ոչ իշխանական 4 ուժերի (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) ներկայացրած 12 պահանջներին։ Այս մասին նա հայտարարել է երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում։
«Այդ փաստաթուղթը կազմողները, ամենայն հավանականությամբ, շտապողականություն են ցուցաբերել և որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել, որովհետև եթե նպատակը համագործակցությունն է, ապա այդպիսի փաստաթղթերից պետք է բացառվեն «պահանջում եմ», «պարտադրում եմ» և այլն հասկացողությունները։
Ես համոզված եմ, որ ընդդիմությունը պատրաստ է համագործակցել, որպեսզի միասին լուծենք մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրները», – ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ արդեն հորդորել է իր կուսակից ընկերներին, կառավարությանը ուշադիր ուսումնասիրել փաստաթուղթը և խմբավորել այն մի քանի հատվածի։
«Այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերի մեջ, ապա պետք է առաջ տանել և բացատրել ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվել։ Երկրորդ, այն հարցերը, որոնք առնչվում են սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկել հեղինակների հետ միասին և գալ ընդհանուր հայտարարի։ Եվ երրորդ, այն հարցերը, որոնք մեր թիմի կարծիքով իրատեսական չեն, ապա անպայման պետք է բացատրել մեր ընդդիմախոսներին, թե ինչու դրանք իրատեսական չեն և ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այն կերպ, ինչպես իրենք են առաջարկում։ Ես համոզված եմ, որ կարծիքների բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ որոշումներ», – ասել է Սարգսյանը։