Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է կրոնական ազատությունը, սակայն ՀՀ-ում գործող որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այն: Այս մասին ասված է հուլիսի 28-ին հրապարակած ԱՄՆ Պետդեպի «Կրոնական ազատությունների մասին 2013» զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։
Համաձայն զեկույցի հեղինակների, 2013 թվականի ընթացքում եղել են հաղորդումներ պաշտամունքի վայրեր կառուցելիս կրոնական կազմակերպությունների առաջ ծառացած խոչընդոտների և դպրոցներում կրոնական փոքրամասնություններին պատկանող երեխաների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ:
«Գրանցված կրոնական խմբերի գերակշիռ մասը նշում է, որ իրենց գործունեության հետ կապված զգալի իրավական սահմանափակումներ չեն եղել: Մայիսին Ազգային ժողովն ընդունեց այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխություններ, որոնցով զինվորական ծառայության փոխարեն կատարվող այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ սահմանվեց քաղաքացիական վերահսկողություն: Այս փոփոխություններն ընդունելուց հետո կառավարությունն ազատ արձակեց կրոնական նկատառումներով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարվելու համար ազատազրկման մեջ գտնվող Եհովայի վկաների բոլոր անդամներին», – ասված է զեկույցում:
Չնայած որոշ դրական զարգացումներին, ԱՄՆ Պետդեպն ընդգծում է, որ նախորդ տարվա ընթացքում եղել են հաղորդումներ կրոնական պատկանելության, հավատքի և գործունեության հիման վրա հասարակական խտրականության վերաբերյալ:
Փոքրամասնական կրոնական խմբերի անդամները զգացել են խտրականություն և անհանդուրժողականություն հասարակության կողմից, այդ թվում և աշխատավայրում: Բազմաթիվ ԶԼՄ-ներ ցուցաբերել են կողմնակալ վերաբերմունք փոքրամասնական կրոնական խմբերի դեմ:
Զեկույցում նշվում է նաև, որ, չնայած Սահմանադրությունը և օրենսդրությունը սահմանում են եկեղեցու և պետության տարանջատումը, սակայն ճանաչում են «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:
Օրենքը որոշակի արտոնություններ է շնորհում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որոնք չեն գործում մյուս կրոնական խմբերի համար: Օրինակ` եկեղեցին կարող է ունենալ մշտական ներկայացուցիչներ հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման վայրերում, մինչդեռ մյուս կրոնական խմբերը կարող են ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն այդպիսի խնդրանք լինելու դեպքում:
Տարվա ընթացքում եղել են հաղորդումներ պաշտամունքի վայրեր կառուցելիս կրոնական կազմակերպությունների դեմ ծառացած խոչընդոտների մասին: Փետրվարին Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է Եհովայի վկաներին պաշտամունքի երեք վայրեր կառուցելու թույլտվություն տալ այն հիմնավորմամբ, որ «բնակեցված տարածքներում» պաշտամունքային վայրերի կառուցումը հարևանների մոտ բողոք է առաջացնում: Կազմակերպությունը դատական կարգով բողոքարկել է որոշումը՝ այն որակելով կամայական ու խտրական որոշում: Եղել են հաղորդումներ այլ փոքրամասնական կրոնական խմբերի կամ որպես այդպիսիք ընկալվող խմբերի (օրինակ՝ յոգայով զբաղվողների) կողմից հավաքների համար տարածքներ վարձակալելու հարցում դժվարություններ ունենալու վերաբերյալ:
Եվրոպայի խորհրդի պատվերով անցկացվել է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների երեխաների իրավունքների ուսումնասիրություն: Այն մատնանշում էր, որ կրոնական փոքրամասնությունների երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքը և կարծրատիպերը ձևավորվում են պետական դպրոցներում: Բազմաթիվ հաղորդումներ են եղել ուսուցիչների ու տնօրենների կողմից կրոնական փոքրամասնությունների երեխաների նկատմամբ խտրականություն դրսևորելու վերաբերյալ: Ուսումնասիրության համաձայն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմության ուսուցիչները ուսումնական տարվա սկզբում սովորաբար հարցնում են աշակերտներին իրենց կրոնական պատկանելության մասին՝ դրանով իսկ առանձնացնելով կրոնական փոքրամասնությունների երեխաներին ու հնարավոր խնդիրներ ստեղծելով նրանց համար հասակակիցների միջև շփումներում: Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ այս առարկայի որոշ ուսուցիչներ դասերը սկսել են աղոթքներով:
Ապրիլի 18-ին «Խղճի ազատություն» կայքում հաղորդում է եղել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Արմինե Դավթյանին փետրվարի 28-ին աշխատանքից հեռացնելու մասին: Դավթյանը պնդում էր, որ իրեն հեռացրել են կրոնական դրդապատճառներից ելնելով, ավագ դպրոցում հոգևոր դաստիարակության առանձնահատկությունների մասին իր ատենախոսությունը մերժելուց հետո: Ըստ հաղորդման՝ համալսարանը պնդում էր, որ նա ազատվել է ընդհանուր կրճատումների հետևանքով: Դավթյանը նշում էր, որ թեպետ ինքը կրոնական որևէ խմբի չի անդամակցել, սակայն նրա դիրքորոշումը տարբերվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դիրքորոշումից և դա պարզ է դարձել իր դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ: Դավթյանը պնդում էր, որ իրեն հեռացրել են այդ հայացքների համար: