Բաքվի բնակչուհի Սայարա Հեյդարովան կտակ է գրել, որում իր ամբողջ ունեցվածքը թողնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ՌԴ նախագահի սեփականությունը կդառնա մեկ բնակարան, ամառանոց, մեքենա, ավտոտնակ, ինչպես նաև շուն, որին Սայարան դեռևս պատրաստվում է որդեգրել։ Հեյդարովայի արարքն անհանգստացրել է Ադրբեջանի իշխանություններին։ Տեղի հատուկ ծառայություններն արարքը հիմնավորում են այն փաստով, որ կնոջ հայրը ԿԳԲ-ի գնդապետ էր, որը ժամանակին մոտ է եղել Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահի ինչին է պետք ադրբեջանական ժառանգությունը՝ պարզել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի հատուկ թղթակիցը։
«Ես խելագար չեմ ու այդ մասին վկայող բժշկական տեղեկանք ունեմ,- հարցն ակնկալելով՝ ասում է Սայարան։ – Ես լավ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ ունի ու իմ ժառանգությունը նրան պետք չէ։ Բայց սա ինձ է պետք։ Կտակն իմ անվտանգության երաշխիքն է»։
40-ամյա Հեյդարովան ընտանիքի միակ զավակն է (հայրը մահացել է 1990 թվականին, մայրը՝ նախորդ տարի)։ Ընտանիք ու երեխաներ չունի, Բաքվում հարազատներ՝ նույնպես։ Ընդ որում, կինն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, երկար տարիներ զբաղվում է իրավապաշտպանական գործունեությամբ։
«Նա մեզ մոտ շատ հայտնի է,- ասում են բաքվեցի լրագրողները։ – Երկար տարիներ ենթարկվել է քրեական հետապնդման՝ չորս տղամարդու ծեծելու մեղադրանքով, այդ թվում՝ ոստիկանի։ Կոնֆլիկտը ծագել էր ապօրինի շինարարության դեմ նրա ակտիվ բողոքների հետևանքով։ Արդյունքում, Հեյդարովային դատապարտեցին մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Դա, սակայն, նրան չխանգարեց իր թեկնածությունն առաջադրել խորհրդարանական ընտրություններում։ Թեկնածու լինելու ընթացքում Սայարան կրկին հայտնվեց թերթերի էջերին․ նրան բերման էին ենթարկել տաքսու վարորդներից կաշառք վերցնող իրավապահներին տեսագրելու պատճառով։ Մեր օրենսդրության համաձայն՝ պատգամավորի թեկնածուն ունի անձեռնմխելիություն ու կարող է ձերբակալվել միայն հանցագործությունը կատարելու պահին բռնվելու դեպքում, հետևաբար, նրան շուտով ազատ արձակեցին։ Ձայների անհրաժեշտ քանակ, սակայն, կինը չհավաքեց ու խորհրդարան չանցավ»։
Այսքանով, սակայն, գործը չի սահմանափակվում։ Ադրբեջանի ԱԱՆ նախկին աշխատակիցներից մեկը, որն այժմ բնակվում է Ֆրանսիայում, արտասահմանյան թերթի հետ զրույցում հայտնել է, որ Սայարան ԿԳԲ-ի աշխատակից Ռովշան Հեյդարովի դուստրն է ու, չգիտես ինչու, պարբերաբար մեկնում է Մոսկվա։ Նա նաև հայտարարել է, որ Հեյդարովան, օգտագործելով հանգուցյալ հոր կապերը, իբր գնացել է Մոսկվա՝ Բաքվի քաղաքային գրադարանի տնօրեն Սևինջ Բաբաևայի գործի կապակցությամբ (Բաբաևան մահացել է տարօրինակ հանգամանքներում՝ հետախուզման մեջ գտնվելով Ադրբեջանի նախագահի ախշատակազմի ղեկավարին մեկ միլիոն դոլարի չափով կաշառք փոխանցելու մեղադրանքով)։
«Այդ ամենը հիմարություն է,- ասում է Սայարան։ – Ես Մոսկվայում եղել եմ շատ տարիներ առաջ՝ հորս հետ։ Այն ժամանակ անգամ հաջողվեց Վլադիմիր Պուտինին տեսնել։ Ինչ հանգամանքներում՝ չեմ ասի։ Հորս աշխատանքի վերաբերյալ կարող եմ միայն մի բան ասել՝ նա աշխատում էր գաղտնի ռազմական գործարանում՝ Բաքվում»։
Սայարայի խոսքով՝ վերջերս նրան հաճախ են սպառնում՝ կապված նրա իրավապաշտպանական գործունեության հետ։ Ոստիկանությունում նրա հայտարարություններին չեն արձագանքում։ Հետևաբար, նա յուրօրինակ ելք է գտել՝ իր ամբողջ անշարժ ու շարժական գույքը կտակել Վլադիմիր Պուտինին։ Համապատասխան փաստաթուղթը կազմված է ու վավերացված նոտարի կողմից։ Ավելին, Հեյդարովան արդեն իրազեկող նամակ է ուղարկել Կրեմլ։ Կտակի համաձայն՝ Հեյդարովայի մահվան դեպքում Պուտինին կմնա բացարձակապես ամեն ինչ, այդ թվում՝ գրքեր, ընտանեկան լուսանկարներ, և այլն։
«Մոտ ժամանակներս նաև ցանկանում եմ մթերային խանութ գնել ու շուն որդեգրել։ Այդ ամենը նույնպես կժառանգի Վլադիմիր Պուտինը,- ասում է Սայարան։ – Հիմա ես շատ հանգիստ եմ։ Կտակից հետո բոլոր սպառնալիքները դադարել են։ Ո՞վ կուզի գործ բռնել Պուտինի հետ։ Իսկ ես, ստացվում է, նրա խնամակալության տակ եմ»։
«ՄԿ»-ի հետ զրույցում ՌԴ-ի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է՝ սա առաջին դեպքը չէ, որ Պուտինին ինչ-որ բան են կտակում։ «Ռուսաստանի օրենսդրության համաձայն, սակայն, յուրաքանչյուր մարդ կարող է հրաժարվել ժառանգությունից, ու նախագահը բացառություն չէ»,- նշել է նա։