Անկախ ներքաղաքական խնդիրներից՝ Հայաստանի վերնախավը, քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն թշնամու հարձակումների ժամանակ՝ բանակին սատարելու, մեր զինվորների ոգին բարձր պահելու խնդրում: Այս մասին ilur.am-ին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով երեկ խորհրդարանական ուժերի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման մասին։
«Ես հանդիպման ժամանակ բերեցի Իսրայելի օրինակը. նրա բանակի հզորությանը, արտաքին վտանգները հետ մղելու հարցում Իսրայելի վերնախավի միասնականությանը ոչ ոք չի կասկածում, ինչը չի խանգարում, որ ներքաղաքական խորը հակասություններ լինեն տարբեր կուսակցությունների և քաղաքական ուժերի միջև, ինչպես նաև լինեն անխնա քաղաքական քննադատություններ և պայքար իշխանության համար: Եվ ինչպես Իսրայելի օրինակն է ցույց տալիս, դրանք համատեղելի խնդիրներ են, և մենք ամեն ինչ անելու ենք, որ իսկապես մեր խորը ներքին քաղաքական հակասությունները և պայքարը որևէ կերպ չանդրադառնան մեր բանակի ոգու և հայրենիքը պաշտպանելու նրա պատրաստակամության վրա»,- ասել է Լևոն Զուրաբյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ քաղաքական ուժերը որոշել են իրենց միասնականությունը ցույց տալու համար այցելելու են դիրքեր, հանդիպել զինվորներին և հրամանատարական կազմին։