Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր «բանդայի գործով» հերթական դատական նիստը մեկնարկել է ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքի ընթերցմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ նիստը ընդհատվել էր, քանի որ նախաքննական ցուցմունքների ընթերցման ժամանակ Գալստյանը դիմել էր ինքնավնասման։ Նրա պաշտպանի՝ Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ նա իր գրածի ընթերցումը լսելով վերապրել է այն խոշտանգումները, որոնց օգնությամբ նրանից կորզել են ցուցմունքը։
Քանի որ Գալստյանը հրաժարվել է պատասխանել մեղադրողի հարցերին, դատարանը անցել է գործում որպես բանդայի պարագլուխ ներկայացված Արտուշ Հակոբյանի հարցաքննությանը։
Վերջինս ասել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ամբաստանյալները չեն կարող բանդա լինել, քանի որ իրենք նույնիսկ իրար չեն ճանաչում։ Բացի դա, Հակոբյանի պնդմամբ, չկա հայտնաբերված գողոն։
Արտուշ Հակոբյանն ասել է, որ ինքը ապահովված մարդ է և թալանի կարիք երբեք չի ունեցել, իսկ այս գործն «իր գլխին սարքել է» նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Հակոբյանը մի պատմություն է ներկայացրել, ըստ որի մի միջոցառման ժամանակ, որին մասնակցում էին ինքը, հայրը, և այն ժամանակ երաժիշտ-ակորդեոնահար Ալիկ Սարգսյանը, վեճ է ծագել, որի ընթացքում իրենք բարեկամների հետ ծեծել են Սարգսյանին և նրա քեռուն։ Ամբաստանյալի պնդմամբ՝ տարիներ անց Ալիկ Սարգսյանը որոշել է վրեժ լուծել իրենից։ Այդ վարկածը մեկ տարի առաջ հնչեցրել էր քրեագետ Սերգեյ Գալոյանը։
Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Նրանց պաշտպանները հայտարարում են, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել, և դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Փաստաբանները պնդում են նաև, որ գործի քննությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով։
Ամբաստանյալներից մեկը՝ 41-ամյա Արման Դալլաքյանը, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա մայրը Epress.am-ին ասել է, որ որդուն ոչ միայն ծեծել են, այլև չեն թողել, որպեսզի ծնողները նրա բուժմամբ զբաղվեն: