Home / Տեսանյութեր / Կներեք, ես հայ եմ

Կներեք, ես հայ եմ

Հրապարակախոս Գյունալ Քուրշունը (լուսանկարում) Today's Zaman-ում իր բլոգում օգոստոսի 10-ին՝ նախագահական ընտրությունների օրը «Կներեք, ես հայ եմ» հոդվածով անդրադարձել է Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախորդ շաբաթ արած հայտարարությանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած երեքշաբթի հեռուստատեսությամբ հայտարարել է․ «Թող Թուրքիայի բոլոր թուրքերն ասեն, որ իրենք թուրք են, քրդերն ասեն՝ քուրդ են։ Դրանում որևէ վատ բան չկա։ Չեք հավատա, թե իմ մասին ինչեր են ասել։ Ասել են՝ վրացի եմ․․․նույնիսկ ավելի վատ, ինձ հայ են անվանել։ Բայց ես թուրք եմ»։

Մամուլի ագրեսիվության դեմ բողոքելու ինչպիսի՜ ինտելեկտուալ եղանակ։ Դեմքին զզվանքի արտահայտություն կար, երբ խոսում էր հայ լինելու մասին։

Հիշում եմ՝ ինչպես էր մի քանի տարի առաջ նույն բանն ասում՝ օգտագործելով նույն խոսքերը հույների մասին։

Անցած շաբաթ նաև հայտարարություններ է արել «Ժողովրդական հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահեթին Դեմիրթաշի ազգային ու կրոնական ծագման մասին։ Որպես ընդդիմության առաջնորդ՝ Քըլըչդարօղլուն նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի ամենամեծ աջակիցն է, իսկ Դեմիրթաշը նախագահի թեկնածու է։ Էրդողանը վերջին հայտարարություններում ասել է․ «Քըլըչդարօղլու, դու ալևի ես, ես սունի: Դրա մասին պետք է բացահայտ խոսես: Դեմիրթաշ, դու էլ զազա ես: Մի վախեցիր այդ մասին խոսել»։

Եթե գիտակցությունդ քեզ կուրացնում է, այլևս ի վիճակի չես լինի տեսնել որևէ ճշմարտություն, բացի քո սեփականից։ Էրդողանի միակ ճշմարտությունը 99 տոկոս մահմեդական բնակչությունն է ու իր ընտրողները։ Նա ի վիճակի չէ տեսնել մի տոկոս ոչ մահմեդականների, հայերի, հույների, կամ նույնիսկ այն մահմեդականների դիրքորոշումը, որոնք չեն պատկանում սունիների, ալևիների ու զազաների շարքին։

Վարչապետ Էրդողանի անամոթ արտահայտություններից հետո «Բիրգյուն» օրաթերթը հրապարակեց հոդված՝ «Ներիր, ֆաշիստ» խորագրով, իսկ հայ-թուրքական «Ագոս» շաբաթաթերթն օգտագործեց «Թող Ալլահը ների քեզ» խորագիրը։

Եկեք պատկերացնենք, թե մենք պատկանում ենք փոքրամասնության, որն ապրում է 99 տոկոս մեծամասնության հետ։ Ի՞նչ կզգայիք կամ կմտածեիք, եթե երկրի առաջնորդը օգտագործեր ձեր փոքրամասնական ինքնությունը՝ մեծամասնությանն իր օգտին քվեարկել համոզելու նպատակով։ Կարո՞ղ եք հանգիստ մնալ ձեր տանն ու անտեսել այն, ինչ կարող է պատահել ձեզ կամ ձեր ընտանիքի հետ միայն ձեր ինքնության պատճառով։ Ինքնություններն օգտագործելու այս քաղաքականությունը մեզ խաղաղություն կբերի՞, քանի դեռ կան անցյալի մի շարք չլուծված հարցեր։

«Բնակչությանը թշնամանքի կամ ատելության հրահրելը» պատժվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով։ Այս հոդվածի հատկանիշներով էր պատժվել սպանված հայ լրագրող Հրանտ Դինքը, թեև այն նախատեսված է ճիշտ հակառակի համար։ Ակնհայտ երևում է՝ այս հոդվածն ում նկատմամբ պետք է կիրառվի, բայց, ցավոք, կառավարության քաղաքականության շնորհիվ մեր երկրում անկախ ու անկողմնակալ դատական համակարգ գոյություն չունի։ Միակ բանը, որ կարող եմ անել, բոլոր փոքրամասնությունների կողքին կանգնելն է, նրանցից մեկը ներկայանալը, ասելը, որ հայ եմ, հույն եմ, ալևի, նուսայրի, քուրդ ու զազա։ Մեծամասնությանը պատկանելով՝ երբեմն պետք է ներկայանալ որպես փոքրամասնության անդամ, եթե գիտակցություն ունես։

Բլոգը հրապարակելուց հետո՝ երկուշաբթի, Թուրքիայում պաշտոնապես հայտարարվեց, որ ընտրությունների առաջին փուլում երկրի նախագահ է ընտրվել Էրդողանը, ով հավաքել է ձայների 51.8 տոկոսը։