Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի հանգուցյալ առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը խորհրդային ՊԱԿ-ի (ԿԳԲ) գործակալ է եղել։ Այս մասին ասված է ՊԱԿ-ի արխիվի նախկին աշխատակից Վասիլի Միտրոխինի՝ վերջերս Մեծ Բրիտանիայի Չերչիլ Քոլեջի արխիվի կողմից հրապարակված փաստաթղթերում։ Պալիոզյանը ներկայացված է «Զորիկ» ծածկանվամբ, գրում է ավստրալական «Սիդնեյ մորնինգ հերալդ»-ը։
Արքեպիսկոպոս Պալիոզյանը ծնվել է 1946 թվականին Սիրիայում, 1975-ին տեղափոխվել է Ավստրալիա ու զբաղեցրել թեմի առաջնորդական փոխանորդի պաշտոնը։ 1982 թվականին նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ։
Նա Ավստրալիայի Եկեղեցիների Ազգային խորհրդի առաջին նախագահն էր (1994-1997թթ), իսկ 2005-ից 2007թ՝ Նյու Սաութ Ուեյլզ նահանգի Էկումենիկ Խորհրդի նախագահը։ Պալիոզյանը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդում ներկայացնում էր Հայ Առաքելական Եկեղեցին։
Իր ծառայության տարիներին Պալիոզյանն արժանացել է Ավստրալիայի պետական շքանշանների՝ երկրին ու հասարակությանը‚ այդ թվում՝ հայ համայնքին մատուցած ծառայության համար։
Միտրոխինի փաստաթղթերի համաձայն՝ ՊԱԿ-ը Պալիոզյանին հավաքագրել է 1973 թվականին, երբ նա աստվածաբանությամբ էր զբաղվում Երևանում։
Փաստաթղթերում նշված է, որ Աղան Պալիոզյանը որպես ԿԳԲ գործակալ 1974 թվականին մեկնել է Երուսաղեմ ու «կապ պահպանել երեք երկրներում»։ ԿԳԲ-ի հետ նրա կապը պահպանվել է նաև Ավստրալիա տեղափոխվելուց հետո։
Ըստ Միտրոխինի փաստաթղթերի, սակայն, Ավստրալիայում Պալիոզյանի աշխատանքն անբավարար է գնահատվել։ Ավստրալիայում ՊԱԿ-ի գործունեության համար պատասխանատու արտաքին հետախուզության վարչությունը սահմանել է, որ Պալիոզյանն «անբավարար օպերատիվ պատրաստվածություն» ուներ՝ խզելով կապը նրա հետ։
Միտրոխինի փաստաթղթերում նշված չէ, թե արքեպիսկոպոս Պալիոզյանի հետ կապը կոնկրետ երբ և ինչ պայմաններում է խզվել, հայտնի չէ նաև՝ արդյոք նա շարունակել է աշխատել ՊԱԿ-ի համար 1980-ականներին:
Արքեպիսկոպոս Պալիոզյանը մահացել է 2012թ. սեպտեմբերին: Նրա հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան 600 մարդ, այդ թվում՝ երեք արքեպիսկոպոսներ Երուսաղեմից, Հայաստանից և Հնդկաստանից: