Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ընդունել եզդի փախստականներին Իրաքից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Բախտակից ազգ ենք մենք (հայերը և եզդիները), և հարյուրամյակներ շարունակ միասին պայքարել ենք ընդհանուր թշնամիների դեմ, և այսպես ասած՝ մեր ճակատագիրն է միասնական դարձել։ Դրա համար այն, ինչ կատարվում է եզդիների հետ, դա կատարվում է հայության հետ, ես այդպես եմ գնահատում, որովհետև մենք չենք կարող տարանջատել մեր ճակատագրերը: Հետևաբար, Իրաքում կատարվում է եզդիների ցեղասպանություն, և հաշվի առնելով այդ ժողովրդի՝ մեզ այդքան մոտիկ լինելը, դա կարելի է համարել հայոց ցեղասպանություն, դա նույն երևույթն է: Դատապարտում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում եզդի ժողովրդի հետ։ Միջազգային հանրությանը և բոլոր պետություններին, ովքեր լծակներ ունեն այնտեղ, կոչ ենք անում օգնել եզդի ժողովրդին»,- ասել է խոսնակը։
Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի եզդիական համայնքը բազմիցս բարձրաձայնել է Իրաքում տիրող իրավիճակի մասին, որտեղ իսլամիստ ծայրահեղականները զանգվածաբար որչնչացնում են եզդի ազգաբնակչությանը։ Այս գործողությունները եզդիական համայնքը որակում է որպես ցեղասպանություն։ Հայաստանում գործող չորս եզդիական ՀԿ-ներ օգնություն ստանալու կոչով դիմել էին ՀՀ ԱԳՆ-ին, ապա նախորդ հինգշաբթի բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ «Միդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Ամո Շարոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ հայատսանյան կողմի քայլերը կապված եզդիական խնդրի հետ բավարար չեն։
Միևնույն ժամանակ Շարոյանը դրական է գնահատել ԼՂՀ-ի պատրաստակամությունն ընդունել եզդի փախստականներին։
Լուսանկարը՝ azatutyun.am