Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործը մտել է դատաքննությունը լրացնելու փուլ։ Այսօր դատարանում պաշտպանական կողմը ներկայացրել է որոշ փաստաթղթեր, որոնք, պաշտպանների պնդմամբ, կապ ունեն գործի հետ, դրական են բնութագրում ամբաստանյալներին կամ այլ մեղմացուցիչ հանգամանքներ են պարունակում։
Մասնավորապես, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին է ներկայացրել իր պաշտպանյալներից մեկի, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի զինվորական փայլուն ծառայության մասին վկայող պատվոգրերը, որոնք տրվել են 1994-2013թթ՝ տարբեր բարձրաստիճան զինվորականների կողմից, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանն և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Ամբաստանյալ Հայկ Հարությունյանի՝ ղարաբաղյան պատերազմում կռված լինելու հանգամանքի մասին դատարանում հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Սարգսյանը։
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդել է փոխել իր պաշտպանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը։ Հովհաննիսյանը մեղադրվում է 2 ոստիկանների հրելու և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ, ինչը, ըստ պաշտպանի, չի հաստատվում դատաքննությամբ, այդ թվում՝ դատարանում հետազոտված տեսանյութով, տուժողների և վկաների դատական ցուցմունքներով։
Արա Զաքարյանն ասել է, որ դատարանում չի հաստատվել նաև Տիգրան Պետրոսյանի դեմ առաջադրված մեղադրանքը, քանի որ տուժող Արա Մարտիրոսյանը հայտարարել է, որ Պետրոսյանը հրել է իրեն, ոչ թե հարվածել։ Պետրոսյանի՝ Մարտիրոսյանին հարվածելու մասին ցուցմունքներ չեն տվել նաև այլ վկաները։
Ինչևէ, յուրաքանչյուր միջնորդության համար 30 րոպեով խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո՝ նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժել է դրանք։
Նիստը հետաձգվել է և կշարունակվի օգոստոսի 29-ին։
Նշենք, որ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախաեսում է 4-ից 7 տարվա ազատարկում։ Նրանից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթին խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։