Home / Հայաստան / Ի՞նչ անի հիվանդը. 3 լաբորատորիաներում նույն օրն արված անալիզների պատասխանները տարբեր են ․ «Հետք»

Ի՞նչ անի հիվանդը. 3 լաբորատորիաներում նույն օրն արված անալիզների պատասխանները տարբեր են ․ «Հետք»

Դավիթ Մելքոնյանը, ում մոտ բժիշկներն ախտորոշել են լյարդի ուռուցք, վերջերս դիմել էր «Հետքին»` խնդրելով պարզել, թե ինչու են տարբեր լաբորատորիաներում նույն օրն արված արյան ախտորոշման 3 ցուցանիշների արդյունքներն իրարից տարբերվում, ո՞րն է պատճառը և, ի վերջո, ում վստահել:

Գոյություն ունի ուռուցքի վիճակը ստուգելու մի քանի տարբերակ. դրանցից են, օրինակ, տոմոգրաֆիան և օնկոմարկերները: Վերջին ցուցանիշը երևում է արյան անալիզի միջոցով: Երեք ամիսը մեկ Դ. Մելքոնյանը հանձնում է այն՝ հիվանդության ընթացքին հետևելու համար:

Բուժման վերահսկման հերթական փուլում տոմոգրաֆիայի և օնկոմարկերի ցուցանիշներն իրարից սկսում են տարբերվել. տոմոգրաֆիան ցույց է տալիս դրական արդյունք՝ ուոուցքի փոքրացում, սակայն օնկոմարկերներն անընդհատ աճում են: Պարզելու համար, թե որ արդյունքներին կարելի է վստահել և ինչպես շարունակել բուժման հետագա ընթացքը, Դ. Մելքոնյանը նույն օրը՝ 2014թ. հուլիսի 29-ին հանձնում է անալիզներ 3 լաբորատորիաներում՝ «Դիալաբ», «Պրոմ-Տեստ» և «Վիոլա» (ընդհանուր` մոտ 50 000 դրամ արժողությամբ): Ստացված պատասխանները միմյանցից այնքան տարբեր են, որ միևնույն ցուցանիշի նվազագույն և առավելագույն թվերի տարբերությունը հասնում է 1184 ng/mL –ի:

dialab_test

«ԴԻԱԼԱԲ»-ի տնօրեն Հմայակ Ավագյանը կայքին ասել է, որ իրենց տվյալները ստույգ են, և 624 ng/mL ցուցանիշը բացատրում է նրանով, որ Դ. Մելքոնյանի խնդրանքով իրեն տրամադրել են CEA-ի ընդամենը մի փուլի ցուցանիշ, մինչդեռ դինամիկան ստացվել է 1000 ng/mL-ից ավել: Ախտորոշումն իրականացնող նյութերի (ռեակտիվների) որակին պրն Ավագյանը լիովին վստահ է: Նրա ասելով` դրանք գերմանական արտադրության նյութեր են, որոնք ձեռք են բերվում «Energomar» ընկերությունից: Տնօրենը նաև հավելեց, որ Դ. Մելքոնյանի հիվանդության ներկայիս փուլում օնկոմարկերներն «ադեկվատ ցուցանիշներ չեն», և բժիշկներն այս պարագայում, սովորաբար, հիմնվում են այլ ցուցանիշների և հետազոտությունների վրա:

Promtest_test

«ՊՐՈՄ-ՏԵՍՏ»-ի տնօրեն Արթուր Մելքոնյանի խոսքով՝ օնկոմարկերը շատ պատասխանատու թիվ է, և իրենք սխալ թույլ տալ պարզապես չէին կարող. «Սարքի կալիբրատորները, կոնտրոլները և բոլոր նյութերը ստուգված են եղել, հակառակ դեպքում այն չէր աշխատի»: «Պրոմ-Տեստ» լաբորատորիան այդ ախտորոշումն իրականացնում է ամերիկյան «Abbott Laboratories»-ից ներկրված սարքավորումներով և հատուկ դրանց համար նախատեսված նյութերով՝ կարցինոէմբրինոգենով (դարձյալ ամերիկյան արտադրության): Նա ասում է, որ նյութերը Հայաստան է ներկրվում Գերմանիայում գտնվող պահեստներից: Ա. Մելքոնյանը բացառեց մարդկային գործոնը, քանի որ ախտորոշման գործընթացը բացառապես տեխնիկական բնույթ ունի. «Արյան սրվակն անմիջապես սարքին է հանձնվում, և եթե նյութերն անորակ լինեն, սարքը դրանք պարզապես կմերժի»: Նա նաև ավելացրեց, որ ոչ մեկի հետ չի ուզում համեմատվել, վստահում է իր լաբորոտորայի տված պատասխաններին: «Նույն ամերիկյան «Abbott Laboratories» ընկերությունն առցանց վերահսկում է մեր աշխատանքը, և թերության դեպքում նկատողություն կստանայինք»:

Viola_test

«ՎԻՈԼԱ»-ի տնօրեն Արմեն Մեժլումյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, էլեկտրոնային փոստին ուղարկված «Հետքի» հարցադրումները մնացին անպատասխան:

Մանրամասները՝ այստեղ