ԽՍՀՄ պետական գործիչ Անաստաս Միկոյանի (լուսանկարում) արձանն այս տարի չի տեղադրվի: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Թերթը նշում է, որ արձանի տեղադրումն ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել այս տարվա ընթացքում:
«Կոնսերվացված վիճակ է հիմա, տեղաշարժ չունենք: Ինչ-որ ունեցել ենք, էլի ունենք և որոշումը, և արձանը: Բայց առավել կարևոր խնդիրները առաջնահերթ համարելով զբաղված ենք դրանցով: Բայց դա չի նշանակում, որ Միկոյանի արձանից մենք հրաժարվել ենք»,- ասել է Բարսեղյանը։
Ամեն դեպքում, նա չի էլ երաշխավորել, որ Միկոյանի արձանը կտեղադրվի հաջորդ տարի: Ըստ Բարսեղյանի՝ նախ պետք է իրականացվի Կարեն Դեմիրճյանի արձանի, հետո՝ 2015թ. աշնանը, Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը, և հետո հերթը կհասնի Միկոյանի արձանին։
Հիշեցնենք, որ Միկոյանի արձանը Երևանում կանգնեցնելու որոշումից հետո տասնյակ քաղաքացիներ, հասարակակն գործիչներ ՀՀ պաշտոնյաներին նամակ էին հղել՝ պահանջելով չտեղադրել արձանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում