«Ամնեսթի ինթերնեյշնլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերի 2-ին հրապարակված զեկույցում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական խմբավորմանը մեղադրել է Հյուսիսային Իրաքում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, ինչը ներառում է զանգվածային սպանություններ, առևանգումներ և այլ ռազմական հանցագործութուններ։
Զեկույցի հեղինակները նշում են, որ ծայրահեղական զինյալները պարբերաբար թիրախավորում են ոչ արաբ և ոչ սուննի մահմեդական համայնքները՝ սպանելով կամ առևանգելով հարյուրավոր, հնարավոր է՝ հազարավոր մարդկանց, ստիպելով՝ ավելի քան 830 հազար մարդկանց փախչել այն տարածքներից, որոնք հունիսի 10-ից գտնվում են խմբավորման վերահսկողության տակ։
«Ամնեսթի ինթերնեյշնլ»-ի համաձայն՝ ծայրահեղական խմբավորման անդամները առևանգել են եզդիների համայնքին պատկանող «հարյուրավոր, եթե ոչ հազարավոր» կանանց և երեխաների, սպանել՝ եզդի տղամարդկանց ու տղա երեխաներին։
Հունիսից ի վեր «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալները գրավել են Հյուսիսային ու Արևմտյան Իրաքի մեծ մասը, հասել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ծայրամասերին։
««Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ստորագույն հանցագործութուններ է իրականացնում ու Սինջարի գյուղական տարածքները վերածել է արյունահեղ սպանությունների դաշտերի՝ ոչ արաբների և ոչ սուննի մահմեդականների հետքը վերացնելու իր դաժան արշավում»,- նշել է «Ամնեսթի ինթերնեյշնլ»-ի աշխատակից Դոնաթելլա Ռովերան։
Նշենք, որ Իրաքում տուժած եզդիական համայնքի ներկայացուցիչներին Հայաստանը հումանիտար օգնություն է տրամադրել։ Երեկ Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը տարածել է Իրաքում գտնվող Մամե Ամիրյանի լուսանկարները, որոնցում ներկայացված են էթնիկ զտումների հետևանքով տուժած մարդիկ։