Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակեց արտագնա ընկերական հանդիպումներում հիմնականում պարտվելու տխուր ավանդույթը։ Շվեյցարացի Բերնար Շալանդի գլխավորությամբ սա 4-րդ ընկերական խաղն էր, և դրանցից 3-ում հայաստանցիները պարտվել են։ Եվ եթե նախկինում պարտությունները Գերմանիայի և Ալժիրի հավաքականներից էին, ապա այժմ Հայաստանը զիջեց ոչնչով աչքի չընկնող Լատվիային։
Արդարության համար պետք է նշել, որ Բերնար Շալանդը (լուսանկարում) լուրջ կադրային խնդիրներ ուներ, սակայն դա էլ չի արդարացնում Հայաստանի ընտրանուն։
Վաղուց պարզ էր, որ բացակայելու են Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը, վերջին օրերին հայտնի դարձավ, որ չի լինելու նաև պաշտպանության առաջատար Ռոբերտ Արզումանյանը։ Նման պարագայում անգամ Շալանդը, ինչպես և ավելի վաղ խոստացել էր, նորույթ կիրառեց՝ պաշտպանությունում օգտագործելով 3 կենտրոնական գոտու ֆուտբոլիստ, ինչպես այժմ շատերն են խաղում աշխարհում։ Տարոն Ոսկանյան-Հրայր Մկոյան-Վարազդատ Հարոյան եռյակը, սակայն, չապացուցեց, որ այդ մոդելը կարող է հաջողություն բերել Հայաստանին։ Առաջին գնդակը մեր թիմը բաց թողեց հենց կենտրոնական գոտում կոպիտ սխալից հետո, իսկ երկրորդ գնդակը ստանդարտի իրացման ժամանակ, երբ պաշտպանները դիրքային սխալներ գործեցին։ Խոշոր հաշվով Լատվիան երկու պահ ուներ, որոնք էլ օգտագործեց՝ ամրագրելով հանդիպման հաշիվը՝ 2։0։
Հայաստանի ընտրանին մի քանի գոլային պահ ունեցավ, սակայն առաջին խաղակեսում 3 անգամ դրանք չօգտագործեց Գևորգ Ղազարյանը, իսկ երկրորդում՝ Արթուր Սարկիսովը։ Մեկ անգամ էլ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը հետ մղեց դարպասաձողից։
Հայաստանցիները պարտվեցին հերթական ընկերական խաղում, ու եթե նախորդ դեպքերում հույս կար, որ պաշտոնական հանդիպումներում ինչ-որ բան կարող է փոխվել, այս պահին հույսերը շատ ավելի քիչ են։ Բերնար Շալանդի փորձարկումները պաշտպանությունում ուշացած են թվում, իսկ մարզչի որոշ գործողություններ՝ խնդրահարույց։ Զարմանալի էր, որ Լատվիայի հետ խաղում կրեատիվ ֆուտբոլ խաղալու ունակ Մարկոսը խաղադաշտ դուրս եկավ 80-րդ րոխեին, երբ ամեն ինչ պարզ էր, իսկ Հենրիխ Մխիթարյանը խաղաց 90 րոպե, չնայած հանդիպման վերջում արդեն ոչինչ որոշել հնարավոր չէր։ 3 կենտրոնական պաշտպանով խաղալու դեպքում կարևոր է եզրային ֆուտբոլիստների խաղը, սակայն Կամո Հովհաննիսյանը և Լևոն Հայրապետյանը չտպավորեցին։
Սեպտեմբերի 7-ին Դանիայում շատ ավելի բարդ է լինելու․ մրցակիցը Լատվիայից կարգով բարձր է, որը սեփական դարպասի մոտ մեծ թվով պահեր թույլ չի տա ստեղծել, իսկ Հայաստանի պաշտպանության վրա շատ ավելի մեծ ճնշում կգործադրի։ Վերլուծելով Հայաստանի ազգային հավաքականի այս տարվա մրցելույթները՝ կարելի է փաստել, որ Եվրո-2016-ի ընտրական փուլին Շալանդի թիմը մոտենում է բազմաթիվ խնդիրներով, որոնց լուծումը ներկայիս պայմաններում բավական բարդ է գտնել։