Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ամենայն հավանականությամբ, կորոշվի հոկտեմբերի 10-ին։ «168 ժամ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ հավելելով, որ ԵՏՄ անդամները բոլորն են հասկանում, որ Հայաստանը միասնական տնտեսական գոտի է՝ Ղարաբաղի հետ միասին, բայց ոչ մեկը չի ցանկանում վիրավորել և հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ։ «Եվ այս 1․5 ամսում պետք է գտնել որոշակի տեխնիկական լուծում, քանի որ քաղաքական որոշում լինել չի կարող»,- նշել է փորձագետը։
Ըստ նրա՝ ՀՀ ղեկավարություը պետք է գնա այնպիսի գործողությունների, որոնք 3 ԵՏՄ անդամ երկրներին՝ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին, հնարավորություն կտան Ադրբեջանին ներկայացնել, որ չեն հակադրվում նրա շահին, այսինքն՝ Ադրբեջանի համար դա ապտակ չի լինի։
«Այս հարցը հարթել ունակ է միայն Պուտինը, որը խնդիր ունի ցույց տալու, որ ԵՏՄ-ն կենդանի օրգանիզմ է, որը զարգանում, ընդլայնվում է, և գաղափարը կայանում է։ Ի վերջո, դա նրա զավակն է։ Հասկանալի էր դեռ 1 տարի առաջ, երբ հայտարարվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, որ կան մի շարք խնդիրներ, և չկան պատասխաններ՝ կապված 3 երկրների ցանկության հետ՝ տեսնել Հայաստանին ՄՄ-ի կազմում, և մյուս կողմից չվատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- ասել է Կալաչովը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում