Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհել է կառավարություն շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներից և խնդրել վարչապետին՝ պաշտպանել պաշտոնյաներին բողոքողներից մեկից։ Այս մասին հաղորդում է Lragir.am-ը։
Ըստ կայքի՝ Մարտիրոսյանը նկատի ուներ մաթեմատիկոս Հենրիկ Մխիթարյանին, ով դժգոհում է, թե Ռադիկ Մարտիրոսյանը մերժել է իր գյուտերը:
Խնդիրը անհանգստացրել է Աբրահամյանին և վերջինս դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին հարցով, թե օրենքով ինչպես կարելի է պատժել նման քաղաքացիների։ Գևորգ Կոստանյանն ասել է, որ նման վիրավորանքներ ստանալու դեպքում՝ պաշտոնյան կարող է դիմել դատարան:
Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ վիրավորողին կարելի է վարչական տուգանքի ենթարկել, ինչը հենց կոնկրետ դեպքում արդեն արվել է։ Հովիկ Աբրահամյանին չի բավարարել այս պատասխանը. «Հիմա էդ հարցի լուծումը չհասկացա, մարդուն հայհոյանք տան, տանեն վարչական տուգանք սահմանեն ու վե՞րջ»։
Հատուկ քննչական ծառայության պետ Շահինյանի կարծիքով՝ նման դեպքում անձին կարելի է նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել՝ դատապարտելով խուլիգանության հատկանիշներով։
«Ինչքան իրավաբան, այնքան կարծիք, ես այդպես էլ չհասկացա»,- քննարկումը եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում