Հայաստանում անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի բաշխման հավասարակշռության վերականգնման համար։ Այս մասին ասված է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում։ ՀԿ-ն 2014 թվականի մարտ-հուլիս ամիսներին հասարակական մոնիտորինգ է անցկացրել Արարատյան դաշտի և Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում: Լսելով տեղի բնակիչների բողոքներն ու առաջարկությունները՝ կազմակերպությունը վարչապետը ջրի խնդրի վերաբերյալ և խնդրի լուծման համար առաջարկությունների փաթեթ է ներկայացրել։
«Էկոլուրը», մասնավորապես, նշում է, որ Հայաստանի ջրային ռեսուրսները կանգնած են անդառնալի կորստի եզրին ջրային ռեսուրսների կառավարման համակարգում վատ կառավարման, անպատասխանատվության և կոռուպցիայի բարձր մակարդակի հետևանքով։ Համաձայն բնապահպանական ՀԿ-ի՝ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը հասցվել են աղետալի վիճակի ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության արդյունքում իրականացված գիշատչական ջրօգտագործման պատճառով։
«Խոսքը նաև Սևանա լճի մասին է, որին սպառնում է վատթարագույն վիճակ ջրբացթողումների արդյունքում, որոնց ծավալը գերազանցում է լիճ ջրի մուտքերի ծավալը։
Անհրաժեշտ է ձեռնարկել շտապ միջոցառումներ և բյուջետային ու արտաբյուջետային միջոցներն ուղղել ոչ թե իմիտացիոն գործընթացներին, որոնք իբրև հետապնդում են գյուղատնտեսական շահ, այլ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի բաշխման հավասարակշռության վերականգնմանը՝ մոտեցնելով այն բնականին։
– Անցկացնել վերահսկողական ստուգումներ Արարատյան դաշտի ջրօգտագործողների շրջանում, հայտնաբերել խախտումներ կատարողներին և, որպես կանխարգելիչ միջոց, դադարեցնել խորքային հորեր օգտագործող ջրօգտագործողների գործունեությունը։
– Անօրինական ճանաչել իշխանությունների գործողությունները անվերհսկելի և գիշատչական ջրօգտագործման նկատմամբ և պատժել մեղավորներին։
– Ներկայացնել կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ջրի կորուստը էներգետիկ և ոռոգման համակարգերում նվազեցնելու վերաբերյալ։
– Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները ճանաչել որպես երկրի ռազմավարական ջրային պաշարներ», – մասնավորապես, ասված է վարչապետին ուղղված նամակում։
Ինչ վերաբերում է Սևանա լճի խնդրին, ապա ՀԿ-ն պահանջում է Սևանին վերաբերող բոլոր օրենքները, նախաձեռնությունները, ծրագրերը, կառավարության որոշումները, նորմատիվային ակտերը դիտարկել բացառապես «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից։
Սևանին վերաբերող պահանջների թվում է․
– Մեկ ամսվա ընթացքում մոնիտորինգի ենթարկել Սևան-Հրազդան ջրատարի օրական ջրի ծավալը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ և հրապարակել տվյալները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում։
– Սևանա լճի ափամերձ բոլոր համայնքները ճանաչել Սևանա լճի վերաբերյալ բոլոր ծրագրերի անմիջական ազդեցության գոտի։ Յուրաքանչյուր ծրագրի, այդ թվում՝ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացման կառավարության առաջարկության վերաբերյալ անցկացնել հասարակական լսումներ համայնքներում, ամենաքիչը 4 քաղաքներում՝ Սևանում, Մարտունիում, Գավառում և Վարդենիսում՝ տեղյակ պահելով բոլոր Սևանա լճի բոլոր 41 ափամերձ համայնքներին։
– ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը, կենսառեսուրսների կառավարման գործակալությանը և «Սևան» ազգային պարկին պատասխանատու ճանաչել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի դրւյթների կատարման համար՝ համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, և որոշել չինովնիկների պատժի աստիճանը անկախ նրանց զբաղեցրած պաշտոնի աստիճանից, եթե նրանք անտեսում են կամ չեն կատարում Սևանա լիճը փրկելու իրենց պարտավորությունները»։
Ի պատասխան «ԷկոԼուրը» նամակ է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեից:
Մասնավորապես, նամակում նշվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծված բարդ բնապահպանական իրավիճակը և ստորերկրյա ջրերի ճնշումային գոտու տարածքը վերականգնելու նպատակով։ Նախարարությունը խոստանում է նաև ՀԿ-ի բարձրացրած խնդիրները հաշվի առնել Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման ժամանակ։
Վարչապետին ուղղված և պատասխան նամակի մանրամասները՝ այստեղ։
Նշենք, որ Արարատյան դաշտի և Սևանա լճի ջրային ռեսուրսների խնդրի մասին վերջին ամիսներին բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնցում այդ խնդրիները կապվում են ՀՀ վարաչպետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունների հետ։
2013 վերջին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արարատյան դաշտավայրում խոշոր ձկնաբուծարանները պատկանում են այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Ըստ Փոստանջյանի՝ Աբրահամյանը ԱԺ-ում իր բիզնես շահերին համապատասպան օրենքներ է անցկացնում։
Բնապահպանները նույնպես անդրադարձել են Արարտայան դաշտավայրում գործող ձկնաբուծարանների թեմային։ Մասնավորապես, Կարինե Դանիելյանը նշել է, որ Արարատյան դաշտում ջրի պակասը գոյացել է այն պատճառով, որ ջրերն թույլատրելիից մոտ երկու անգամ շատ են օգտագործվել առավելապես խոշոր ձկնարտադրողների կողմից։
Այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ ավելացվել է ջրառը Սևանա լճից, ինչը բնապահպան Ինգա Զառաֆյանը նույնպես կապել է ձկնարտադրության ոլորտը սպասարկելու ցանկության հետ։
Այս տարվա մարտին «Ժողովուրդ» օրաթերթը ձկանբուծական բիզնեսի հետ էր կապել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունը՝ նշելով, որ Սևանի ձկնաբուծության ծրագիրը գտնվում է Սարգսյանի անձնական վերահսկողության տակ։