Պետական գնումների արդյունքում ձեռք բերված հոգեմետ դեղորայքի որակը վատացել է և վատ ազդեցություն է ունենում պետական հոգածության տակ գտնվող հիվանդների վրա։ Այս մասին պետության կողմից դեղորայքը ստացող անձինք բարձրաձայնել են ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում։ Նամակը տարածել է հիվանդների խնդիրներով զբաղվող «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը։
«Խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմումներ են ներկայացվել առողջապահության նախարարություն, այդ թվում` ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, սակայն պատասխանատու գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ստացված պատասխանները միշտ եղել են նույնաբովանդակ, ինչը առաջացրել է առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված այդ մարդկանց և նրանց հարազատների հիասթափությունն ու դժգոհությունը: Առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն անընդունելի պարզաբանումն այն մասին, որ դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, և նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրանց ստիպված տեղավորել են հոգեբուժական հաստատություններում` ստացիոնար բուժման: Միթե՞ այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին», – գրված է բաց նամակում։
Հեղինակները նշում են նաև, որ խնդրի մասին ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն որևէ արձագանք չի եղել։