Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից շենգենյան վիզա չստանալու և Ֆրանսիա չմեկնելու դեպքում՝ Բագրատաշենում բնակվող Զակիյանների ընտանիքը դժբախտություն կապրի․ նրանց միակ զավակը՝ 3.5-ամյա Իգորը, չի կարողանա բուժվել ֆրանսիական կլինիկայում և կկուրանա։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Իգորի հայրը՝ Ռոման Զակիյանը՝ ներկայացնելով դեսպանատան հետ ունեցած խնդիրը։
Երեխայի հոր խոսքով՝ ընտանիքն արդեն մոտ երկու տարի է՝ խնդիրներ է ունենում դեսպանատան հետ, և միջամտելու խնդրանքով դիմում է ԱԺ-ին, ԱԳՆ-ին և ՀՀ նախագահին։
Իգորն ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա։ Հայաստանում միակ հնարավոր բժկական միջամտությունը աչքի հեռացումն է, Մոսկվայի կլինիկաներում ևս Իգորի ծնողներին բուժում չեն առաջարկել և խորհուրդ են տվել երեխային տանել Եվրոպա։ Միայն ֆրանսիական կլինիկաներից մեկը, ծանոթանալով երեխայի հիվանդության պատմությանը, խոստացել է փրկել երեխայի գոնե մեկ աչքը։
Ֆրանսիա մեկնելու համար ընտանիքը դեսպանատան կողմից մերժվել է երեք անգամ։ Զակիյանի խոսքով՝ ամեն անգամ իրենից նոր փաստաթուղթ են պահանջել, սակայն միևնույն է մերժել են։ Վերջին մերժումից հետո Զակիյանը խնդիրը բարձրաձայնել է ԶԼՄ-ներով, ինչից հետո նրան կանչել են և վիզա են տրամադրել՝ առանց որևէ լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու։
Այսպես, հետազոտություն անցնելու համար Զակիյանը որդու հետ մեկնել է Փարիզ։ «Երեխայի մորը վիզա չէին տվել, իսկ նա փոքր է, առանց մոր չի դիմանում, անընդհատ լաց էր լինում, բժիշկները չէին կարողանում հետազոտել աչքերը։ Ինչևէ, բժիշկները ստուգեցին և վիրահատության օր նշանակեցին՝ հոկտեմբերի 3-ին, որպեսզի ես հասցնեմ գալ Հայաստան և կնոջս հետ մեկնեմ, բայց հիմա ևս մեզ երեքիս վիզա տալը մերժում են», – պատմել է Զակիյանը։
Այս անգամ վիզա ստանալու համար դիմելուց՝ Զակիյաններից պահանջել են ներկայացնել երեքի համար պատվիրված տոմսեր, երեք անձի համար ամրագրված հյուրանոց, հիվանդանոցից՝ վիրահատության համար վճարած լինելու մասին հավաստություն։ Ընտանիքը ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, սակայն դրանից հետո Ռոման Զակիյանին կանչել են դեսպանատուն և տեղեկացրել, որ հյուպատոսը որոշել է, թե երեխայի ծնողներից միայն մեկը կարող է ուղեկցել նրան։
Հոր խոսքով՝ ինքը այքնան է զայրացել, որ հետ է վերցրել անձնագրերը դեսպանատնից։ Զակիյանը պատրաստվում է կրկին դիմել ՀՀ իշպանություններին՝ միջամտելու խնդրանքով։
«Եթե մեզ երեքիս վիզա չէին տալու, ապա ինչու են երեք հոգու տոմս պահանջել, երեք հոգու հյուրանոց։ Մենք նպատակ չունենք Ֆրանսիայում մնալու, մենք ընդամենը փորձում ենք փրկել մեր երեխային՝ միակ ու երկար սպասված, այդքան քաշքշուկի մեջ դիմացանք, ինչ թղթեր ուզել են, բերել ենք։ Մեզ կարող են հետևել այնտեղ, մենք հետ ենք գալու», – ասել է Ռոման Զակիյանը։