Home / Հայաստան / Գործընկերները պահանջում են վերանայել կալանավորված բժշկի խափանման միջոցը

Գործընկերները պահանջում են վերանայել կալանավորված բժշկի խափանման միջոցը

«Վանաձորի բժշկական կենտրոն» ընկերության բժիշկ Վլադիմիր Ղուկասյանի երկամսյա ժամկետով կալանավորումը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն նրա հոգեկան, այլ նաև ֆիզիկական առողջության վրա։ Նրա մոտ առկա է շաքարային դիաբետ և բողոքներ ունի սրտի շրջանում: Վլադիմիր Ղուկասյանի գործընկերները, ընտանիքը, հարազատներն ու ընկերները խնդրում և պահանջում են դատարանից վերանայել մեղադրյալի հանդեպ կիրառված ներկա խափանման միջոցը, ազատ արձակելու բժիշկ Ղուկասյանին՝ նրան հնարավորություն տալով վերադառնալ աշխատավայր և շարունակել բնականոն աշխատանքները, որոնք, գործընկերների հավաստմամբ, մասնագիտական ու բարոյական տեսանկյուններից մեծապես տուժում են փորձառու բժշկի բացակայությունից: Այս մասին ասված է Ղուկասյանի գործընկերների բաց նամակում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսի 29-ի դատական նիստում որոշում է կայացրել Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը: Ղուկասյանը մեղադրվում է 2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած դանակահարության արդյունքում հիշյալ հիվանդանոցում անչափահաս Դավիթ Հովակիմյանի մահվան հարցում անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

Համաձայն նամակի հեղինակների, դատարանի որոշումը հաշվի չի առնում մարդու անմեղության կանխավարկածը, նաև նսեմացնում է վաստակաշատ բժշկի բարի համբավն ու հեղինակությունը։ Որպես ասվածի ապացույց Ղուկասյանի գործընկերները մի շարք պատճառներ են բերում, մասնավորապես, նշելով, որ դատարանի որոշման տեքստում կալանավորման օգտին բերված փաստարկները ընդհանրական են, չեն պարունակում Ղուկասյանի մեղսակցությունը մասնագիտական տեսանկյունից արժանահավատ դարձնող հիմքեր:

«Բժիշկ Ղուկասյանին կալանավորելու որոշումը արդարացված չէ նաև բարոյական նկատառումներով: Մարզի գլխավոր վիրաբույժ հանդիսացող, Վանաձորում, Լոռու մարզում և ողջ հանրապետությունում փորձառու, բարեխիղճ և գրագետ մասնագետի համբավ ունեցող, հասարակության մեջ հարգանք վայելող, բարեկիրթ ընտանիքի տեր, արցախյան ազատամարտի ժամանակ բազմաբնույթ մասնագիտական ու նյութական աջակցություն ցուցաբերած բժիշկը, ով, ի դեպ, քննչական մարմին ներկայացել է անձամբ և ոչ թե բերման ենթարկվել և ձերբակալման ժամանակ և մինչ այդ նույնիսկ չի ունեցել փաստաբան, չէր կարող իրեն թույլ տալ փախուստի կամ թաքնվելու միջոցով խուսափել դատավարությունից», – նշում են նամակի հեղինակները։

Հիշեցնենք, որ մինչ բժշկին մեղադրանք առաջադրելը, սպանության մեջ էր մեղադրվում Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը, ում մեղադրանքը փոխվել է՝ այժմ նրան մեղադրում են սպանության փորձի մեջ։ Կունգորցևը հերքում է մեղադրանքը։ Գործի քննության ընթացքում իրավապաշտպաններն ու փաստաբանը բազմիցս մատնանշել են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Մեղադրյալի մայրը նշել է, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:

Գործի մանրամասները՝ այստեղ