15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Վանաձորի բնակիչ Կարեն Կունգորցևը (լուսանկարում) չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը և պահանջում է գործը հետ ուղարկել քննության։ Այս մասին նա ասել է այսօր, երբ քննիչ Տարոն Թադևոսյանը պաշտոնապես հայտնել է գործի նախաքննության ավարտի մասին։ Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Կունգորցևի պաշտպան Արայիկ Պապիկյանը, իր պաշտպանյալը նաև հրաժարվել է ստորագրել ցանկացած տիպի փաստաթուղթ, այդ թվում նախաքննությունն ավարտելու մասին արձանագրությունը։
Պապիկյանը 10 օր ժամանակ է խնդրել 4 հատորանոց գործին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերից Կունգորցև մեղադրվում էր Հովակիմյանի սպանության մեջ, սակայն այս տարվա օգոստոսի 26-ին մեղադրանքը փոխվել է՝ վերաորակվելով սպանության փորձի։ Նույն օրը ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը։ Համաձայն ՀՀ դատախազության կայքի` նա կասկածվում է 15-ամյա Դավիթ Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:
Նշենք, որ գործի քննության ընթացքում իրավապաշտպաններն ու Կունգորցևի փաստաբանը բազմիցս մատնանշել են նախաքննության ընթացքում գրանցված խախտումների մասին։ Մեղադրյալը կալանքի տակ գտնվելու ընթացքում դիմել է ինքնավնասման, հացադուլ է իրականացրել: Ավելի վաղ news.am կայքը գրել է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, թե 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանել է ԱԱԾ աշխատակցի որդին, որին էլ իրավապահ մարմինները խնամքով թաքցնում են:
Անցյալ տարի Կունգորցևի մայրը Epress.am-ի հետ զրույցում նշել էր, որ որդուն ծեծել են ոստիկանությունում՝ պահանջելով ընդունել մեղքը:
Գործի մանրամասները՝ այստեղ