Թուրքիայի հայ համայնքի, որն, իհարկե, միայն քրիստոնիաներից չի բաղկացած, որոշ ներկայացուցիչների ցուցաբերած աջակցությունը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն (ԱԶԿ) ու այն, որ նրանք կարծես թե հաշտվել են մահմեդականության հետ, ի սկզբանե տարօրինակ էր թվում։ Այս մասին Թուրքիայի հայերի և Էրդողանի հարաբերություններին անդրադառնալով՝ թուրքական Today's Zaman-ում գրում է վերլուծաբան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների փորձագետ Ալին Օզինյանը։
«Համաձայն նրանց, ովքեր հավատում էին՝ քրիստոնեության ու մահմեդականության միջև որևէ հաշտեցում հնարավոր չէ, Թուրքիայի հայերը պետք է աջակցեին որևէ աշխարհիկ կուսակցության։ Արևմտյան ժողովրդավար երկրներում տարածված է տարբեր ազգության ու հավատքի մարդկանց աջակցությունը սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին, քանի որ սոցիալ-դեմոկրատներն այդ մարդկանց ազատություն են երաշխավորում ու հարգում են նրանց կրոնական ու ազգային պատկանելությունը։
Բոլորիս հայտնի է, սակայն, որ Թուրքիայում աշխարհիկությունը կրոնական ազատությունը չի ողջունում, անգամ մահմեդականության վերաբերյալ, ու կենտրոնացած է հանրապետական մոդելի պաշտպանության վրա, այլ ոչ՝ երկրի ամբողջ բնակչության։ Այսպիսով, հանրապետական մոդելի շրջանակում փոքրամասնություններն այս երկրում ոչ միայն ընկալվում էին որպես պոտենցիալ սպառնալիք, այլև միտումնավոր թուլացվում ու արժեզրկվում էին։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Թուրքիայի հայ համայնքի մի մասը ողջունեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով խոստացել էր Եվրամիության անդամակցություն, ինչպես նաև ազատություն ու հավասարություն։ Փոքրամասնությունները, որոնք մտահոգված էին պահպանողական շարժումով, փորձեցին իրենց մտավախությունները մեղմացնել այն գաղափարով, թե մահմեդականը, որն անկեղծորեն դավանում է իր կրոնը, ուշադիր կլիներ նաև մյուս հավատքների ներկայացուցիչների կարիքների նկատմամբ։ Այդ շրջանակներում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընկալվում էր որպես պահպանողական, բայց, միևնույն ժամանակ, ժողովրդավար։ Նույնիսկ այն ժամանակ, երբ այն մեղադրվեց արմատական գործողությունների խթանման մեջ, որոշ հայեր այդ կուսակցությունը դեռ համարում էին պահպանողական, բայց ոչ իսլամիստական։
«Արդարություն և զարգացում» կուսակցության վարչակազմը, որը 2000-ական թվականներից ի վեր պնդում էր, որ հավատարիմ է մնալու ԵՄ գործընթացին, մեծացրել էր հայ համայնքի ներկայացուցիչների վստահությունը։ 2007 թվականին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը գերմանական Der Spiegel թերթի հետ զրույցում ասաց․ «Մենք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գերադասում ենք «Ժողովրդա-հանրապետականին»։ ԱԶԿ-ն փոքրամասնությունների նկատմամբ պակաս ազգայնական է տրամադրված։ Էրդողանի կառավարությունն ավելի հանդուրժող է մեր խնդրանքների ու մտահոգությունների հանդեպ»։ Այս հարցազրույցում նա, փաստորեն, հայտարարեց, որ հայերը քվեարկելու են Էրդողանի օգտին։
Տարիներ առաջ փոքրամասնությունների առգրավված ակտիվների ու գույքի վերադարձը եզակի դեպք էր Թուրքիայի հանրապետության պատմության մեջ, թեև դա պարզապես ժեստ էր, այլ ոչ՝ իրավունքի ճանաչում։ Ամեն դեպքում, չնայած թերություններին, սա հսկայական տեղաշարժ էր։ Առաջին դեպքն էր, երբ պետությունը ոչ թե առգրավում էր, այլ, փոխարենը, վերադարձնում այն, ինչ ավելի վաղ առգրավել էր։
2010 թվականին վարչապետը հրաման արձակեց, որը հայտնի է որպես «Ոչ մահմեդական փոքրամասնությունների վերաբերյալ հրահանգ»։ Դրա համաձայն՝ պետությունն ընդունում էր նախկին սխալներն ու հաստատություններից ու պաշտոնյաներից պահանջում հանդուրժող վերաբերմունք ցուցաբերել փոքրամասնությունների նկատմամբ, ուշադրություն դարձնել նրանց գերեզմանատների պահպանմանը, ճանաչել ոչ մահմեդական առաջնորդների արձանագրություններն ու քայլեր ձեռնարկել ատելության խոսք պարունակող հրապարակումների դեմ։ Հայ համայնքի մի մասը կասկածանքով մոտեցավ դրան, սակայն մեծամասնությունը գոհ էր նման զարգացումներից։
Մյուս կողմից, 1915 թվականի դեպքերի վերեբարյալ որևէ նորություն չկար։ Էրդողանը հավատարիմ էր 2005 թվականի պաշտոնական դրույթին․ «Մեր պատմության մեջ նման իրադարձություն տեղի չի ունեցել։ Մեր հավատքը դեմ է ցեղասպանությանը։ Մենք այս դրույթը պաշտպանող ապացույցներ ունենք»։ 2008-ին նա հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «Մեր մշակույթում ու քաղաքակրթությունում ցեղասպանություն գոյություն չունի։ Մենք չենք կարող ընդունել այս մեղադրանքները»։ 2011-ին նա նույն դիրքորոշումը հայտնեց։
Ախթամարի եկեղեցին վերանորոգվեց, ու Էրդողանը, ով փորձում էր իրեն ներկայացնել որպես հանդուրժող առաջնորդ, չորս տարի անց համաձայնեց՝ եկեղեցու վրա խաչ տեղադրվի։ Ի հավելումն, սակայն, Էրդողանը Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ փոխզիջումների չգնաց։
Նա ջերմ ու անկեղծ էր պասի ավարտի կապակցությամբ կազմակերպված ընթրիքներին, որոնց մասնակցում էին հայ համայնքի պաշտոնական ու ոչ պաշտոնական առաջնորդները։ Այնուամենայնիվ, այս անկեղծության որևէ նշան չնկատվեց Սամաթիայում հայ կանանց ու բանակում ծառայող Սևակ Բալիքչիի մարդասպանների ինքնությունը պարզելու գործում։ Նույն ոգին պահպանվեց, երբ տարհանում էին Սիրիայի հայկական Քեսաբ գյուղը։
Ապրիլի 24-ի նախօրեին Էրդողանը հանդես եկավ ուղերձով ու իր ցավակցությունները հայտնեց Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, որը որոշակի ազդեցություն էր ունեցել Թուրքիայի ու Հայաստանի վրա։ Այս ուղերձից հետո բոլորը մոռացան այն փաստը, որ Թուրքիայի համալսարանների հայագետներին գաղտնի կերպով հաշվառում էին։ Մոռացան նաև դպրոցներում դասավանդվող պատմության պաշտոնական ստերը։
էրգենեկոնի գործում Էրդողանն ի սկզբանե իրեն ներկայացրեց որպես այդ գործով դատախազ։ Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը՝ նա հայտարարեց, որ թույլ չի տա՝ քննության ընթացքը արգելափակվի։ Բայց վերջ ի վերջո, Էրդողանը իր խոսքերը հետևյալ բացատրությամբ համեմեց․ «Ես կարծում եմ՝ Հրանտ Դինքի սպանությունը անհատի գործ է։ Նա սպանվել է, քանի որ նրա հայացքները չէին կիսում ու ընդունում»։
Ժամանակի ընթացքում ժողովրդավարության ու արևմտականացման երդումները փոխարինվեցին պահպանողական ու ավտորիտար իրականությամբ։ Էրդողանն արդեն վստահ էր, որ բավական ուժեղ է սեփական օրակարգին հետամուտ լինելու համար։ Հայերը կառավարության համար այլևս որևէ նշանակություն չունեին։
Հանրապետականների ռեժիմի շրջանում փոքրամասնությունները ոնտահարվում ու հալածանքների էին ենթարկվում։ Հետևաբար, հայերը հույս ունեին՝ հալածանքների ու ոնտահարումների երկար տարիներից հետո իրենց համար ավելի լավ կլինի ԱԶԿ-ի իշխանության ներքո։ Պետք է իրատես լինել՝ նրանք ճիշտ էին։ Հանրապետության պատմության ընթացքում հայերին ավելի լավ չէին վերաբերվել։ Հավասար քաղաքացիական իրավունքներ, սակայն, ինչը հայերի գլխավոր նպատակն է, նրանց չտրվեցին։ Յուրաքանչյուր իրավիճակում, պետության շահերն ավելի առաջնահերթ էին, քան՝ հայերինը։
Մարդիկ մոռացել են, որ փոփոխությունը թերի էր։ Ժամանակն է՝ ստեղծվի նոր Թուրքիա՝ հին Թուրքիան վերականգնելու միջոցով։ Անկեղծ ասած, այս երկրում, որտեղ ատելությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր թուրք չեն, նորմալ է, Էրդողանի վիրավորական արտահայտությունները հայերի մասից «չափից դուրս» չեն ընկալվում։ Մինչ օրս «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ծափահարող ու աջակցող մարդկանց համար դա կարևոր չէ, իսկ որոշ հայեր այս «թյուրիմացությունը» կհանդուրժեին ամեն դեպքում»։