Իշխանության ներկայացուցիչների կողմից լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվում են, քանի որ գրանցված նախորդ դեպքերում բռնություն կիրառողները չեն պատժվել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով սեպտեմբերի 9-ին ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքին։
Մելիքյանը հիշեցրել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գևորգյանի հետ այս տարի տեղի ունեցած դեպքի մասին, երբ լրագրողին հարվածել էին ոստիկանները, սակայն դրանից հետո ոչ ոք չէր պատժվել։ Օրինակ, հենց այդ անպատժելիության պատճառով էլ նման լկտի արարքները կրկնվում են, ասել է Աշոտ Մելիքյանը։
Վերջինս ընդգծել է, որ մի խումբ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորին։ Մելիքյանը հույս է հայտնել, որ դատախազությունը դա կընդունի որպես հաղորդում հանցագործության մասին։ Փորձագետը նաև կարևորել է լրագրողական համայնքի համախմբումը նման դեպքերում՝ նշելով, որ անգամ, այսպես կոչված, իշխանական ԶԼՄ-ների լրագրողների հետ էլ նման բան կարող է տեղի ունենալ։ Մելիքյանն ափսոսանքով նշել է, սակայն, որ քննարկման պահին ընդամենը 2 հեռուստատեսությունների ներկայացուցիչ է ներկա։
Քննարկման մեկ այլ մասնակից փաստաբան, իրավապաշտպան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անդամ Տիգրան Եգորյանը կարծիք է հայտնել, որ նման դեպքերում պարտադիր է դատարան դիմել, և եթե անգամ ներպետական ատյաները գործին ընթացք չտան, հետագայում պետք է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Պետք է պետության բոլոր արդարադատություն իրականացնող մարմինները հեղեղել բողոքներով, պահանջել, որպեսզի իրականացվի արդարադատություն յուրաքանչյուր առանձին գործով», – ասել է Եգորյանը։
Նա նշել է, որ ՄԻԵԴ հասնելու գործընթացը կարող է երկար տևել և արդյունքը տեսանելի լինի, օրինակ, 5 տարի անց, սակայն, ամեն դեպքում, դա կարևոր քայլ կլինի հետագա սերունդների համար։
Սեպտեմբերի 9-ի դեպքի տեսանյութը․